Այն մասին, թե ինչպես կարելի է աշխատել «խրոնիկ ստախոսի» թիմում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 12-ի կարգադրությամբ՝ Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական:

ՀԱԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ավետիսյանը ՀԱԿ վարչության անդամ է:

Քանի որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ոստիկանության գործելաոճը ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ, մենք ուսումնասիրեցինք համացանցը՝ պարզելու, թե ինչ թեմաների է անդրադարձել ՀԱԿ անդամը, և պարզեցինք, որ նրա ուշադրության կենտրոնում հատկապես եղել են Ոստիկանությունը և այնտեղ տեղի ունեցող բարեփոխումները:

Մասնավորապես, 2021-ի մայիսին infocom.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին և ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Արամայիս Ավետիսյանը նշել է, որ այն բարեփոխումները, որն իրականացնում է նոր իշխանությունը, խոշոր հաշվով, չեն բավարարում կամ չեն արտահայտում հասարակության՝ իրավապահ համակարգի, ուժային կառույցների նկատմամբ տարիների ընթացքում կուտակված բարեփոխումների պահանջը՝ ոչ ձևի, ոչ էլ բովանդակության իմաստով: Ավելին, ըստ նրա, բարեփոխումների ընդունված ռազմավարության ծավալային առումով առյուծի բաժինը պատկանում է նախորդ իշխանություններին, այդ թվում՝ պարեկային ծառայության ստեղծումը:

«Այսինքն, սա էվոլյուցիոն բարեփոխման նախագիծ է, ոչ թե ռևոլյուցիոն»,- ընդգծել է նշված հարցազրույցում Արամայիս Ավետիսյանը:

Նա ցավով նշել է, որ նախորդ իշխանությունների օրոք համակարգից դուրս մնացած փորձառու կադրերին, որոնք չեն ցանկացել ենթարկվել «ապօրինի» հրամանների, Նիկոլ Փաշինյանը համակարգ չի վերադարձրել, ըստ այդմ՝ կադրեր չլինելու մասին իշխանության կողմից հնչեցված պնդումները ցինիկ սուտ են:

«Առնվազն ռեֆորմների համատեքստում ինստիտուցիոնալ ժողովրդավարություն ստեղծելու առումով դեռ մինչև պատերազմը կարելի էր արձանագրել, որ իշխանությունները ձախողվել են»,- շեշտել է նա՝ ակնարկելով, որ շատ ժամանակ պետք չէ, որ, օրինակ, ճանապարհային տեսուչն «ապեր»-ով չխոսի քաղաքացու հետ:

Անցած տարի արդեն medialab.am-ի հետ զրույցում, ՀՀ նախագահի նորանշանակ օգնականը, Նիկոլ Փաշինյանի՝ «եթե իրենք չլինեն, ժողովուրդը հաղթելու հնարավորություն չի ունենա» հայտարարությունը համարել է մանիպուլյատիվ, իսկ Արցախի հետ կապված Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրվող մտքերին անդրադառնալով, Փաշինյանին անվանել է «խրոնիկ ստախոս»:

Թե ինչպես է համաձայնել աշխատել, ըստ էության, Փաշինյանի «ստեղծած» նախագահականում և Փաշինյանի խոսքերը հալած յուղի տեղ ընդունող Վահագն Խաչատուրյանի հետ, անհասկանալի է: Միգուցե իրական ժողովրդավարական երկիր տեսնելու մղո՞ւմն է նրան նախագահական բերել, թեպետ արտաքին քաղաքական որոշ հարցերում ՀԱԿ-ի և Փաշինյանի տեսակետները, թերևս, համընկնում են:

Տեսանյութեր

Լրահոս