Նրանց համար իրավապաշտպանությունը ոչ թե առաքելություն էր, այլ բիզնես. Ավետիք Իշխանյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մշտադիտարկում է Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող բողոքի ակցիաները:
Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր հրապարակեց խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկման միջանկյալ զեկույցը: Ի դեպ, ևս մեկ միջանկյալ զեկույց հրապարակվել էր մոտ տասն օր առաջ։
«Ինչո՞ւ որոշեցինք շտապել ու նույնիսկ չսպասել մինչև երկուշաբթի։ Խնդիրն Ավետիք Չալաբյանի ձերբակալությունն է»,- լրագրողներին ասաց իրավապաշտպանը:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք ակնկալում են, որ այս զեկույցներից հետո իշխանությունները կփոխեն գործելաոճը, և արդյո՞ք, ի վերջո, իրավիճակին կարձագանքեն Հայաստանում գործող միջազգային կառույցները, Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ այս զեկույցը ՀՀ իշխանությունների վրա որևէ ազդեցություն չի թողնի. նրանք վաղուց հեռացել են ամենատարրական ժողովրդավարական և իրավական հասկացություններից. Հայաստանում գործում է մեկ մարդու կամքը, և բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են այդ մեկ մարդու կամքին:
Զեկույցը ներկայացված է հանրության համար, միջազգային կազմակերպությունների համար: Սա կթարգմանվի անգլերեն և կուղարկվի բոլոր միջազգային իրավապաշտպան կառույցներին, նաև դեսպանատներին: Ինչպիսին կլինի արձագանքը. համենայն դեպս, կարծեմ՝ երեկ «Ֆրիդըմ Հաուս»-ն արձագանքել էր արդեն: Հուսանք, որ միջազգային կառույցները վերջապես կարձագանքեն ավելի կոշտ ձևով՝ ինչպես ժամանակին արձագանքում էին ՀՀ-ում իրավախախտումներին»:
Այս համատեքստում պատասխանելով մեր մյուս հարցին, թե ինչո՞ւ են այսօր լռում 2018թ.-ին գերակտիվություն ցուցաբերող շատ իրավապաշտպաններ, Ավետիք Իշխանյանը հակիճ պատասխանեց. «Պարզվեց, որ նրանց համար իրավապաշտպանությունը ոչ թե առաքելություն էր, այլ բիզնես, և այդ բիզնեսի շահերը պահանջում են այսօր լինել իշխանապաշտպան և ոչ իրավապաշտպան»:
Մանրամասները՝ տեսանյութում