Պատահական չեն իշխանության գործողությունները, այս գործելաոճով իրենք չեն կարող մեզ ո՛չ վախեցնել, ո՛չ կաշկանդել. Սուրեն Մանուկյան

Մայիսի 12-ին Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչները խուզարկություն էին կատարել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի բնակարանում, որտեղ այդ պահին եղել էին նրա ընտանիքի անդամները՝ անչափահաս երեխաները, տարեց մայրը, կինը։

168.amի հետ զրույցում Սուրեն Մանուկյանն ասաց, որ ժամեր շարունակ խուզարկել են  տունը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։

«Իրենց հետաքրքրող որևէ բան չեն հայտնաբերել, վերջում էլ գրեցին, թե՝ որևէ բան չենք հայտնաբերել, ու հեռացան։

Վերջերս 2 դաշնակցական ընկերներ ձերբակալվեցին, ասում են՝ իբր 2021 թվականին նրանք ընտրակաշառք են տվել ու ցուցակ են հայտնաբերել։ Ըստ իրավապահների, տեղեկություններ են ստացել, որ նման ցուցակներ պետք է մեր տանն էլ լիներ։ Դրա համար եկան խուզարկեցին, բան չհայտնաբերեցին, թողեցին հեռացան»,- նշեց Սուրեն Մանուկյանը։

Ըստ նրա,  իշխանության գործողությունները պատահական չեն.

«Մայիսի 2-ին կարմիր բերետավորների կողմից ես երեք հատվածում կողոսկրի  կոտրվածք ունեմ։ Նման արարքը պատահական չէր, պատահական չէր նաև այս խուզարկությունը։ Կարծում եմ՝ այսքանով չավարտվեց, առաջիկա օրերին կրկին բաների եմ սպասում, այնպես չէ, որ իշխանությունը այսքանով կհանգստանա»,- հավելեց Սուրեն Մանուկյանը։

Նա նաև ընդգծեց, որ իշխանության կողմից այս կազմակերպված գործողությունները իրեն չեն կարող վախեցնել։

«Իրենց այս քայլերն ավելի են պարտավորեցնում, որ ավելի շատ մասնակցեմ և ամբողջ ներուժս ներդնեմ, սրանց դեմ պայքարելու համար։ Ես հետքայլ չեմ կատարելու, մինչև վերջ գնալու եմ։ Ես այս պայքարի մեջ մտնելով՝ ավելի դաժան բաներ եմ սպասել։ Այս գործելաոճով իրենք չեն կարող մեզ ո՛չ վախեցնել, ո՛չ կաշկանդել։ Մենք չենք կարող համակերպվել այն ղեկավարի գոյության հետ, ով ծնկի է եկել թուրքի առաջ»,- եզրափակեց Սուրեն Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս