«Ընդդիմադիր պատգամավորին զրկել մանդատից, այն էլ՝ իշխանության դեմ ցույցերի մասնակցելու համար, որևէ օրենսդրական իմաստով անգամ արդարացնել հնարավոր չի լինի». Տարոն Սիմոնյան
Արդեն տարբեր կայքեր գրում են, որ ԱԺ իշխանական թևը՝ խորհրդարանի պատերի ներքո, քննարկում է ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու հարցը, այն պատգամավորների, որոնք հատել են բացակայությունների թույլատրելի սահմանը։
Արդյո՞ք իշխանությունը կարող է ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատից, որոնք այս օրերին փողոցային պայքար են մղում՝ այդ նույն իշխանության հրաժարականի պահանջով։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը մեր հարցին ի պատասխան՝ նախ տեղեկացրեց՝ այդ թեման իրավական տարբեր քննարկումների առիթ է հանդիսացել ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարբեր երկրներում։
«Եթե չեմ սխալվում, նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն ունի մեկնաբանություններ, թե եթե ընդդիմադիր պատգամավորները բացակայում են նիստերից քաղաքական ակցիաներ կազմակերպելու համար, ապա դա հի՞մք է նրանց աշխատավարձ չտալու կամ այդ հիմքով մանդատից զրկելու համար, թե՞ ոչ։ Ժամանակին, երբ ինքս էլ էի պատգամավոր և հրաժարվում էի առանձին նիստերին մասնակցելուց՝ քաղաքական դրդապատճառներով, հայտարարելով, որ նման օրակարգով կարիք չկա այսօր քննարկում անելու, քանի որ այլ խնդիրների առջև ենք կանգնած։ Այդ ժամանակ իմ աշխատավարձից էլ էին պահում, իմ գործընկերներին ասում էի, որ դրա իրավունքը չունեն։ Պարզապես ես այդ մասին չէի բարձրաձայնում, որպեսզի չասեին՝ աշխատավարձի հետ կապված վեճ է անում։
Հիմա, երբ հարցը վերաբերում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին, և հատկապես, երբ նրանք քաղաքական ակցիաներ են կազմակերպում, ապա դա նրանց քաղաքական գործունեության դրսևորումներից մեկն է։ Այդ հիմքով իշխող քաղաքական ուժը չի կարող նրանց նկատմամբ կիրառել այդ սանկցիաները»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածով սահմանված է, թե որ դեպքում կարող են դադարեցնել պատգամավորի լիազորությունները.
Մասնավորապես մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Տարոն Սիմոնյանի մեկնաբանությամբ, որքան էլ ԱԺ կանոնակարգ օրենքում նման հնարավորություններ լինի, իշխանությունը չի կարող գնալ նման քայլի՝ զրկելով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից, քանի որ ընդդիմադիրների պայքարը դիտարկվում է՝ որպես քաղաքական ակցիա։
«Իրավունքը տառացի կարող ենք մեկնաբանել, բայց իրավունքը նաև պետք է մեկնաբանենք՝ հաշվի առնելով այդ գրվածքի նպատակը, այսինքն՝ ոգին, այդ հոդվածի ոգին էլ պետք է հասկանանք։ Միայն չպետք է կարդանք տառերը և բառացի մեկնաբանենք։ Իսկ այդ հոդվածի իմաստը նրա համար է գրված, որ քաղաքական գործիչ պատգամավորը, եթե չի իրականացնում քաղաքականություն, այսինքն՝ ժողովրդի հետ տեսնվել, նրա կամքը բարձրաձայնել, մասնակցել օրենսդրական աշխատանքներին և այլն, ապա այդ ժամանակ նրան կարելի է զրկել մանդատից։ Այսինքն՝ այդ պատգամավորն իր պարտականությունները չի կատարում։ Կարծում եմ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ հիմա առաջնահերթ է այս կերպ ժողովրդի կամքը բարձրացնել, և ոչ թե՝ գնալ և օրենք գրել։ Հետևաբար, իրավունքի մեկնաբանությունը մեզ հուշում է, որ այս հոդվածը տառացի պետք չէ մեկնաբանել, այլ պետք է մեկնաբանել ավելի լայն։ Այսինքն՝ այդ հոդվածը չի պահանջում միայն ֆիզիկական ներկայություն խորհրդարանում, այլ նրանցից հստակ պահանջում է ակտիվ քաղաքական և օրենսդրական աշխատանք։ Հիմա եթե օրենսդրական աշխատանքը վնասվում է քաղաքական աշխատանքի պատճառով, դա պատգամավորի միտքն է, նրա ցանկությունը, գուցե նրա ընտրողները հաջորդ անգամ նրան չընտրեն, ասեն, որ ակնկալում էին միայն օրենսդրական աշխատանք։ Սակայն այդ հիմքով ընդդիմադիր պատգամավորին զրկել մանդատից, և այն էլ՝ իշխանության դեմ ցույցերի մասնակցելու համար, որևէ օրենսդրական իմաստով անգամ արդարացնել հնարավոր չի լինի»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ 14 պատգամավոր է հատել օրենքում ամրագրված բացակայությունների թույլատրելի սահմանը, և նույն հրապարակումների հեղինակների մեկնաբանությամբ էլ հենց այդ հիմքով էլ իշխանությունը քննարկում է ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը։
14 պատգամավորից 13-ն ԱԺ «Հայաստան» դաշինքից են՝ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։