Արդեն երկու տարի է` Հայաստանի իշխանությունների հետեւողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դեռևս 2020թ., հունիսի 16-ին «Առավոտ» թերթում հրապարակել էի մի հոդված՝ «Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին» վերնագրով: Ուզում եմ այսօր առաջարկել այն ևս մեկ անգամ վերընթերցել:
«Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման եւ դժբախտության ժամանակաշրջան: Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ:
Բայց կա շատ ավելի կարեւոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական եւ սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել: Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետեւողական ապաշնորհության հետեւանքով: Այսինքն, Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության եւ ճիշտ մարդկանց առկայությամբ:
Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաեւ դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական եւ այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման եւ կազմաքանդման:
Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետեւողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում: Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետեւանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է եւ հյուծվում: Իմ կանխատեսմամբ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է եւ մարդկանց շերտավորումը: Այսինքն, ձեւավորվում են իրար դեմ մարտնչող եւ հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաեւ ֆիզիկական հարթությունում: Այսինքն «բոլորը կռվում են բոլորի դեմ», եւ հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։ Սա անտեսանելի մարտահրավեր է եւ շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարեւանները:
Մենք գիտենք, որ Ադրբեջանը թշնամի պետություն է եւ հենց այդ իմացությունից ձեւավորվում է մարտահրավերի կանխատեսելիությունն ու մեր գործողությունների հերթականությունը: Բայց մենք հստակ չգիտենք, թե մեր հասարակության մեջ գտնվող ներքին կոնֆլիկտն ինչ չափերի է հասել եւ ինչ դրսեւորումներ կարող է ունենալ: Պատմական փորձը հուշում է, որ ներքին կոնֆլիկտները պայթում են հատկապես ամենաանսպասելի պահերին, երբ ոչ ոք չի սպասում դրանց:
Հանրային համերաշխությունը վերամբարձ եւ գեղեցիկ ինչ-որ բան չէ, այն մեր պետության դիմադրողականության եւ կենսունակության առաջնային ցուցիչն է: Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է: Թերեւս հենց սա է մեր առաջնային ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել բոլորին` քաղաքացիներին, ընկերներին, հակառակորդներին եւ իմ համառ քննադատներին:
Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը եւ համերաշխություն բերել մեր պետությանը: Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականությունը»։