Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող անշարժ գույքի բռնագանձման պահանջով հայցադիմումը կվիճարկվի․ հայտարարություն
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարությւոն է տարածել։
Հայտարարությունը՝ ստորև
«Ս.թ. մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարանում հայցադիմում է ներկայացվել ԱՄՆ Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
Խաչատրյանների փաստաբանական խումբը այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։
Խումբը հայտնել է, որ առկա են բոլոր իրավական հիմքերը հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ:
Նշենք, որ Խաչատրյանները անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել,ընդ որում պետք է ասել, որ դրանք միշտ համապատասխանել են բոլոր օրենսդրական պահանջներին:
Այս անօրինական և ուղղորդված գործընթացների մասին բազմիցս հրապարակային պարզաբանումներ տրվել են և դրանք
վիճարկվում են նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում արդարության հաստատման համար:
Գործընթացի բողոքարկման հարցով ԱՄՆ փաստաբանական խումբը ևս հանդես կգա հայտարարությամբ:
Խաչատրյաններն ու նրանց կողմից հիմնադրված տնտեսական միավորները ապահովում են կայուն բիզնես շարունակականությունը` թույլ չտալով գործունեության խաթարման և հեղինակության արատավորման որևէ դեպք»:
Երեկ տեղեկացրել էինք, որ Կալիֆորնիայի դաշնային կառավարությունը սկսել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթացը։
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ շքեղ անշարժ գույքը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ստացված եկամուտներով»։