Բաժիններ՝

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ–ից կրճատված բժիշկների՝ ապօրինության մասին փաստարկներն ու կենտրոնի ղեկավարության հակափաստարկները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգում են՝ օրերս ծանուցում են ստացել, որ կրճատվել է իրենց զբաղեցրած հաստիքը, ինչպես նաև տեղեկացվել են, որ հաստատված հաստիքացուցակի համաձայն՝ բացակայում է մասնագիտական պատրաստվածությանն ու որակավորմանը համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը:

Բժիշկների փոխանցմամբ՝ կենտրոնը 2 տարի աշխատել է որպես ինֆեկցիոն՝ քովիդ կենտրոն, այդ տարիներին ղեկավարությունը թույլ չի տվել, որ բոլորն աշխատեն քովիդ հիվանդների հետ տարբեր պատճառաբանություններով՝ խոստանալով, որ վերապրոֆիլավորումից հետո կվերադառնան իրենց աշխատանքին, իսկ հիմա ապօրինի որոշմամբ իրականացնում են 125 հաստիքների կրճատում, առանց աշխատակիցներին տեղեկացնելու՝ մտել են աշխատասենյակները և անձնական իրերը լցնելով արկղերի մեջ՝ զանգել են, որ գան, վերցնեն:

«Աբսուրդն այն է, որ ծանուցումից մեկ շաբաթ հետո բժշկական կենտրոնի կայքում հայտարարություն են տարածում, մրցույթ հայտարարում, որ այս կամ այն մասնագետներն են անհրաժեշտ ու այն նույն մասնագիտություններով, որոնց տիրապետողներին կրճատել են: Թոշակի տարիքի էլ չենք, խնդիրը ո՞րն է: Ասել էին, որ մեր իրերը գնանք, տանենք: Գնանք, տեսնենք ինչ՝ բժշկի սենյակներն առանց մեզ բացել են, ապրանքը արկղերի մեջ լցրել, դրել են միջանցքում: Չէին թողնում, որ ներս մտնենք, իրերը վերցնենք, ասում էին՝ բանվորները կբերեն միջանցք: Այդ ի՞նչ վերաբերմունք է: Այն դեպքում, որ աշխատանքից ազատման հրամանները չունենք: Ես տնօրենին զանգել եմ՝ ասելով, որ վիրահատվել եմ, գալու եմ աշխատանքի՝ մեկ ամիս արձակուրդ կվերցնեմ, կազդուրվեմ, կգամ: Մեկ ամսից պատասխանում են, որ չեմ կարող, սպասեք, մինչև հիվանդանոցը վերապրոֆիլավորվի: Հիմա արդեն առաջվա նման պետք է աշխատի, շատերին ստիպել են ազատման դիմում գրել»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկուհի, անոթային դոպլերոգրաֆ Նելլի Մադաթյանը:

Բժիշկներից մեկն էլ, որ չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը, պատմեց, որ մարտի 21-ին ինքը ևս ծանուցում է ստացել, որ իր դրույքը լուծարվել է, և հիվանդանոցը չի պատրաստվում հետագայում իր հետ պայմանագիր կնքել:

Ինչ վերաբերում է իրերին, ապա նրան ևս թույլ չեն տվել աշխատասենյակից վերցնել:

«Մենք պատվիրել ենք կահույք, ու գույքագրման ժամանակ նշվել է, որ սա այս կամ այն մարդունն է: Ես շահագործում էի մի սարք, որը 2012 կամ 2013թ. տենդերով գնել էր հիվանդանոցը: Այդ ապարատը եկել էր առանց սեղանիկի, ինձ անհարմար էր, ԱՄՆ-ից իմ ծանոթների միջոցով իմ գումարով պատվիրեցի, գնեցի: 2016թ. բերեցինք, տեղադրեցինք, բոլորը գիտեն, որ այդ ապարատի սեղանն իմն է, գնել եմ 1200-1300 դոլարով: Բնականաբար, սարքը ձեռք բերելու կտրոնը չեմ պահել, այսքան տարի է անցել, սակայն իրենք որոշել են, որ այդ սեղանն իրենց է պատկանում, և գույքագրել, ներառել են նույն կոդի տակ, ինչ սարքը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Լուսինե Սահրադյանը նյարդաբան է աշխատել, նա նույն ծանուցումն է ստացել, ինչ մյուս բժիշկները, նրանք էլ կորոնավիրուսի ժամանակ չեն աշխատել՝ ելնելով առողջական խնդիրներից, տանը մեծահասակ ծնող ունենալով պայմանավորված և այլն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Աիդա Կարապետյանը, անդրադառնալով բարձրացված խնդրին՝ պարզաբանեց. «125 բժշկի՝ ազատման լուրը համարում եմ ուռճացված։ Բժիշկների ազատում տեղի ունեցել է, բայց այդ թիվը նույնիսկ մեկ տասնյակի չի հասնում։ Պատճառն այն է, նույն բժիշկները, որոնք երդվյալ են մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու` երկու տարի աշխատանքի չեն ներկայացել։ Բոլորիս հայտնի է, որ երկու տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն աշխատել է որպես քովիդ կլինիկա։ Իսկ նրանք գրավոր հրաժարվել են աշխատել քովիդի պայմաններում։ Բնական ու նորմալ է, չէ՞, որ երկու տարի աշխատանքից բացակայած անձանց հետ պետք է լուծարվեին պայմանագրերը։ Հիվանդանոցը բացման նախաշեմին նոր ծառայություններով ու մեծ հնարավորություններով աշխատելու է, դրա համար թիմն ունի համալրման կարիք։ Ինչ վերաբերում է իրերին, ապա այս երկու տարվա ընթացքում հիվանդանոցը փակ ռեժիմում է, և բացի աշխատող անձնակազմից, պացիենտներից ու օրենքով թույլատրվող խնամակալներից, որևէ մեկը փակ ռեժիմում գործող հիվանդանոցը մտնել չի կարող։ Հիշեցնեմ, որ մենք դեռ չենք բացվել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս