Բաժիններ՝

Արցախի դատախազությունը կանխել է պետությանն ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամի վնասի պատճառումը

Արցախում կանխվել է պետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը:  Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ պետական շահերի պաշտպանության բաժնում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, այդ թվում աջակցության չափի որոշման հիմք հանդիսացող տեղեկությունների կազմման գործընթացի օրինականության ստուգում:

Այդ շրջանակում ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության, ԱՀ գործադիր իշխանությանը ներկայացված միջնորդագրի քննարկման և ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվել է համապատասխան տեղեկությունների ճշգրտում, որի միջոցով միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1.690.000.000 դրամի չափով գույքային վնասի պատճառումը:

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կոչ ենք անում իրենց լիազորություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն, օրինականության սահմաններում, բարձր պահել պետության հեղինակությունը և առաջնորդվել բացառապես ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,- նշված է հաղորդագրությունում:

Վերոհիշյալ ոլորտում դատախազական ստուգումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս