Կոտրել էին մետաղական ճաղավանդակը և գողացել կենցաղային իրեր
Ապրիլի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի 5-րդ փողոցի մի առանձնատնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներին տուժողը հայտնել էր, որ գողությունը կատարվել է ապրիլի 13-ի ժամը 15-ից ապրիլի 21-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում։ Տեխնիկական միջոցներով կոտրել էին հյուրասենյակի պատուհանի մետաղական ճաղավանդակը և գողացել ջրատաքացուցիչ, հեռուստացույց, խմիչք ու կենցաղային իրեր։
Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք պարզեցին հանցագործության ենթադրյալ կատարողի ինքնությունը։ Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ապրիլի 26-ին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվեց քննչական մարմնին ու ձերբակալվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։