Բաժիններ՝

Ճապոնիան թանկարժեք բուժտեխնիկա է նվիրել Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցին

Ճապոնիայի կառավարությունը 1,8 միլիոն դոլարի նոր բժշկական տեխնիկա է նվիրել ակադեմիկոս Ն.Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկային (Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց): Այդ մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության կաքում:

Նախագծի գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել կլինիկայի բուժական եւ ախտորոշիչ հնարավորությունները, հանդերձել տեխնիկապես եւ վերապատրաստել անձնակազմը, նշում են գերատեսչությունում: Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, առողջապահության փոխնախարար Իլյա Գուդուշաուրին, Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տարո Հոնդան, Ճապոնիայի դեսպանատան եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրացական գրասենյակի ներկայացուցիչներ:

Ազարաշվիլին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն այն աջակցության համար, որը Վրաստանի առողջապահության ոլորտն ստանում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունից: «Համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին Հանրապետական հիվանդանոցը, որը մտնում է բժշկական հոլդինգի մեջ, եւ որը համավարակի ժամանակ եղել է քովիդ-կլինիկա, վերափոխվում է հիբրիդային ռեժիմի:

Հանձնված տեխնիկայի օգնությամբ Հանրապետական հիվանդանոցն զգալիորեն կընդլայնի ծառայությունները»,-ասել է Ազարաշվիլին: Համագործակցության համաձայնագիրը Վրաստանի առողջապահության նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության եւ Վրաստանի բժշկական հոլդինգի միջեւ ստորագրվել է 2021 թվականի հուլիսին: Ակադեմիկոս Ն.Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան մտնում է Վրաստանի բժշկական հոլդինգի մեջ, որը միավորում է պետական ֆինանսավորում ունեցող կլինիկաներն ու բժշկական կենտրոնները, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս