Քննություն է իրականացվում՝ Սարյան փողոցում Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու օրինական պահանջ, ինչից հետո նույն երթի մասնակիցը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է Ոստիկանության ծառայողի դեմքին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: