Բաժիններ՝

Կաշառքի դիմաց ձևական քննություններով վարորդական վկայականներ տրամադրելու համար ՃՈ ավագ տեսուչը դատապարտվել է ազատազրկման

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:

Մասնավորապես պարզվել է, որ նա օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ է ընդունել և վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի: Վերջիններիս օգտին առերևույթ ակնհայտ այդ ապօրինի գործողությունը կատարելու դիմաց միջնորդավորված ձեւով, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի Սևանի անձնագրային բաժանմունքների պետի միջնորդությամբ, ստացել է տարբեր չափերի՝ 102.000 և 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Հիմնավորվել է նաև, որ կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար մի քաղաքացի 2020թ. մարտին դիմել է իր ազգական, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ Գավառի ավտոդպրոցի վարպետին, ով այդ նպատակով նրանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետև՝ վերջինս հանդիպել է ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի վերոնշյալ ավագ տեսուչին, նրա հետ պայմանավորվել խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ և նրան փոխանցել գումարը:

Կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձին վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով ավագ տեսուչը կազմել է տեսական քննության կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր, տվյալ անձից ընդունել է տեսական քննություն, վերջինիս ճիշտ է պատասխանել 9 հարցի և տեսական քննությունը գնահատել է դրական:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին նշված գործով ևս առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Գավառի ավտոդպրոցի վարպետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում 2022թ ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով նշված 4 անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում: Մասնավորապես, ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի պարագայում, պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։

Իսկ մյուս 3 ամբաստանյալների նկատմամբ, կրկին պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել տուգանքի ձևով:

Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ միջոցներ կձեռնարկվեն օրենքի խախտմամբ տրամադրված վարորդական իրավունքի վկայականները և տեսական քննության արդյունքները անվավեր ճանաչելու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս