Թուրքիան չեղյալ է հայտարարել 12 զենիթա-հրթիռային համալիրների գնման մրցույթը
Jane’s-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվել է 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 12 զենիթա-հրթիռային համալիրների գնման տենդերից: Այս մասին հայտնել են Թուրքիայում եղած ռազմական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ Թուրքիայի ղեկավարությունը որոշել է արևմտյան գործընկերների աջակցությամբ մշակել սեփական զենիթա-հրթիռային համալիր:
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) տվյալ որոշման վրա ազդել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ավելի վաղ նշվում էր, թե Թուրքիան զենիթա-հրթիռային համալիրների վերաբերյալ մրցույթի հաղթողի անունը կհրապարակի 2013 թվականի հունվարին: Այդ տենդերին մասնակցում էին ամերիկյան Patriot, ռուսական С-300 «Ֆավորիտ», ֆրանսիական Aster 30 SAMP/T և չինական HQ-9 զենիթա-հրթիռային համալիրները:
Այժմ թուրքական կողմը համագործակցության վերաբերյալ բանակցություններ է վարում տվյալ զենիթա-հրթիռային համալիրներն արտադրողների հետ և նոր մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի 2013 թվականի մարտին: Աղբյուրների պնդմամբ՝ սեփական զենիթա-հրթիռային համալիրի ստեղծման աշխատանքները Թուրքիայում կարող է տևել մինչև 10 տարի:
Jane’s-ը ենթադրում է, որ զենիթահրթիռային համալիրների գնումից Թուրքիայի հրաժարման պատճառը կարող է կապված լինել ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Նիդերլանդների տրամադրած երկուական Patriot համալիրներով, որոնք տեղակայվում են թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Ադանայում, Քահրամանմարաշում (Մարաշ) և Գազիանթեփում (Այթնափ):
Հիշեցնենք, որ Թուրքիայում զենիթա-հրթիռային համալիրների գնման տենդերը հայտարարվել է դեռևս 2009 թվականին: Թուրքիայի կառավարությունն այն հավանության էր արժանացրել 2005 թվականին: