Արցախի նախագահը հանդիպել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։
Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի գործողությունները բոլոր փուլերում պետք է հետևողական լինեն:
Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր շահարկումներին՝ ընդգծելով, որ որևէ պարագայում Արցախի Հանրապետության իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ: