«Ես առաջարկել եմ՝ պատրաստ ենք ձեզ գերությունից ազատել». Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին
«Իշխանությունների հետ բանակցելու, երկխոսելու մեկ օրակարգ կա՝ դա իրենց, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, խոսելու ուրիշ բան չկա»:
Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարել էր, որ քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի, գործընթացի վայրը ԱԺ դահլիճն է:
Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սաղաթելյանն անդրադառնալով ՔՊ պատգամավորների՝ ոստիկանությանն ուղղված շնորհակալություններին, շեշտել է՝ նրանք ոչ թե հասարակական կարգն են պահում, այլ՝ նրա իշխանությունը:
«Էնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, երբ Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ ձեր նշած անձինք չցավակցեցին: Իսկ էսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որպեսզի ոստիկանությունը բռնություն գործադրի մեր քաղաքացիների նկատմամբ: Եվ երբեմն ոստիկանությունը տեղի տալիս է այդ ճնշումներին: Դուք ձեր աչքով տեսնում եք՝ ովքեր են ոստիկանությունից պահանջում բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանությունը, կրկնում եմ, դրան տեղի տալիս է: Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ ոստիկանապետին և սպայական կազմին ասում եմ՝ տեղի մի տվեք ՔՊ-ի սադրանքներին և ճնշումներին: Իհարկե, իրենք շնորհակալ կլինեն, որովհետև միակ հենարանը, որ ունեն երկրում, դա ոստիկանությունն է: Իսկ էն մանր-մունրներին չեմ էլ ուզում անդրադառնալ, որ ոստիկանը կյանքն է…,- ընդգծել է դաշնակցական գործիչը և հավելել,- Էսօրվա մահվան շարասյունը Նիկոլի տեսե՞լ եք, իրա մահվան շարասյունը շարունակվում է: Էն քաղաքացուն, որ օրը ցերեկով սպանեցին, մի քանի անգամ կրկնապատկել են էդ ուժերը»:
Ըստ Սաղաթելյանի, պատրաստ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում մնացած ՔՊ-ականներին ազատել գերությունից, որոնք կայացված որոշումներից սկզբում տեղյակ չեն եղել, ոչ էլ մասնակից դրանց կայացմանը:
«Ես առաջարկել եմ՝ պատրաստ ենք ձեզ գերությունից ազատել: Եթե կընդունեն, կհասկանան՝ շատ լավ: Եթե ոչ՝ հետո ուշ կլինի»,- նախազգուշացրել է Սաղաթելյանը: