«Չեմ մտածում, որ Փաշինյանի հրաժարականի հարց պետք է քննարկվի, չգիտեմ, թե ինչ մտացածին օրակարգ է դա». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մեկնաբանությամբ, եթե «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն, ապա որևէ բան տեղի չի ունենալու։

«Չի կարող որևէ պատգամավորի կամ նույնիսկ փոքրամասնության վարքագծի պատճառով ըստ էության բնականոն գործունեությունը խաթարվի։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որն ըստ էության որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին։

Պատկերացրեք մի իրավիճակ, մի փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցություն դուրս է գալիս ԱԺ-ից, կամ որևէ խորհրդարանից, և սա հանգեցնում է  խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը։ Սա նշանակում է, որ մենք անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որևիցե եղանակով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման առանձնահատկությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝ ընդդիմության բողոքի ակցիաները կարո՞ղ են հանգեցնել նրան, որ իշխանությունն ընդդիմության հետ երկխոսություն սկսի, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ ԱԺ նիստերի դահլիճը հենց երկխոսության համար է։

«Խորհրդարանի դահլիճները ստեղծվել են այդ երկխոսությունը ծավալելու համար, սա է այն տեղը, որտեղ հնարավոր է ծավալել երկխոսություն»,- հավելեց նա։

Հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության շուրջ պատրաստ են բանակցել ընդդիմության հետ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես չեմ մտածում, որ նման հարց պետք է քննարկվի, չգիտեմ, թե ինչ մտացածին օրակարգ է դա։ Ցանկացած ճգնաժամի հաղթահարում պետք է տեղի ունենա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի  ներքո»։

Տեսանյութեր

Լրահոս