Պաշտպանելով Սյունիքն ու Արցախը պետք է պաշտպանենք Հայաստանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինչ ընդդիմադիր ուժերն ակտիվացել են, իշխանությունները գործի են դրել իրենց ողջ գործիքակազմը և փորձում են հանրությանը հերթական անգամ մոլորեցնել։
«Մեզ բոլորիս ուզում են համոզել, թե իրենք ձգտում են խաղաղության, իսկ մենք՝ այս հրապարակում հավաքված քաղաքացիները, պատերազմի։ Մենք հարցնում ենք, թե՝ ի՞նչ եք անում դուք, որպեսզի ապահովեք Հայաստանի ու Արցախի խաղաղությունը, ոչ մի բան չեն անում։ Իսկ ավելի ճիշտ, անում են, բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի հանձնումն են պայմանավորվում։ Այսինքն՝ կարճ ասած՝ իրենց պայմանավորվածը դա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է։
Իսկ ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ասում մենք՝ խաղաղության ապահովման կարևորագույն երաշխիքը դա մարտունակ բանակի գոյությունն է։ Հենց մենք խոսում ենք բանակի մարտունակության բարձրացման մասին, մեզ ասում են՝ դուք ձգտում եք պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Նա շեշտեց, որ տարածաշրջանում տարիներ շարունակ խաղաղության, կայունության ապահովման կարևոր երաշխիքը եղել է մարտունակ ուժեղ բանակը։
«Մենք գալու ենք ու վերականգնենք մեր բանակը, վերականգնելու ենք հայի արժանապատվությունը, զինծառայողների, սպաների, կամավորականի, աշխարհազորայինի մարտունակությունը։ Այս ամենը մենք անելու ենք ոչ թե նոր պատերազմ սանձազերծելու, այլ պատերազմը կանխելու համար»,- հավելեց նա։
Դիմելով հայությանը, բանակում գործող ու պահեստազորում եղած բոլոր զինծառայողներին, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ միայն միասին են կարողանալու վերականգնել բանակը, ստեղծելով իրական խաղաղություն, ժողովրդին բերելով երկարատև ու սպասված խաղաղություն։
«Պաշտպանելով Սյունիքը, պաշտպանելով Արցախը՝ պետք է պաշտպանենք Հայաստանը, առա՛ջ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում