Սիսիանում իշխանությունները ոստիկանական անցակետ են տեղադրել` մարզից դեպի Երևան շարժը կառավարելու համար
168.am-ը երեկ գրել էր, որ այսօրվա հանրահավաքին ընդառաջ ոստիկանության մարզային ստորաբաժանումները բերվել են մայրաքաղաք։ Նպատակը հասկանալի է. Նիկոլ Փաշինյանն ուզում է կանխել մարդկանց հոսքը այսօր 16:00-ին տեղի ունենալիք հանրահավաքին։
Մեզ հայտնի դարձավ, որ մարզերից Երևան ժամանող ավտոմեքենաներն ու դրանց շարժը հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով իշխանությունները ոստիկանական անցակետեր են տեղադրում։ Մեր տեղեկություններով մասնավորապես Սիսիանում է նման մի անցակետ տեղադրվել, իսկ դա նշանակում է, որ կվերահսկվի ոչ միայն Սիսիանից, այլև Գորիսից, Կապանից, Քաջարանից ու Մեղրիիղ, ինչպես նաև նրանց հարակից գյուղերից մայրաքաղաք ժամանող ավտոմեքենաների շարժը։
Անցակետը փաստացի տեղադրված է այնպես, որ կարողանան վերահսկողության տակ պահել ողջ Սյունիքի մարզից դուրս եկող մեքենաներին։ Պատճառաբանությունն էլ ոստիկանական անցակետի տեղադրման այն է, թե ուժեղացված ծառայություն են իրականացնում զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով։