«Կա մեծ ոգևորություն, որ Արցախը մենակ չէ. երբ ազգը ոտքի է կանգնում՝ առաջնորդներն այդ ժամանակ են ծնվում». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում ոտքի կանգնած ժողովրդին տեսնելով, մեկ զգացողություն է ունենում, որ այսօր միասնական են։
«Մենք միասնական դառնում ենք այն ժամանակ, երբ աղետ կա, փաստը 2020 թվականի պատերազմն է, երբ բոլորը միասնական էին, բոլորի դռները միմյանց առջև բաց էին։ Սակայն, երբ եղավ հարաբերական խաղաղություն, իշխանությունը նորից առիթը բաց չթողեց և պառակտեց ազգին։ Այսօր ես տեսնում եմ այդ միասնականությունը, և Արցախում դա մեծ ոգևորություն է առաջացնում, որովհետև վերջին 4 տարիների ընթացքում, երբ մենք ասում էինք՝ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, Արցախն իրեն միայնակ է զգում, այդ խոսքերն օգտագործում էին մեր դեմ, թե՝ տեսեք, Արցախում ասում են, որ իրենց մենակ եք թողել։
Այս ամենը տեսնելով՝ մեզ համար ծիծաղելն ու խնդալը դեռևս շատ է ասված, բայց մենք ոգևորվում ենք, որ հայ ազգը համախմբվում է և սկսել է գիտակցել, որ կորցրել է ազգի սերուցքը, հայրենիքի մեծ մասը և դեռևս շարունակում է կորցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Արցախում տիրող տրամադրություններին։
Արցախցի պատգամավորի գնահատմամբ՝ հայ ազգն արդեն գիտակցում է, որ եթե ոտքի չկանգնի, ապա կարճ ժամանակ անց ֆիզիկական վտանգն արդեն բոլորի դռան առաջ կլինի։
«Այս ամենը մենք տեսնում ենք՝ որպես ազգի զարթոնք։ Արցախում, մարդիկ նույնիսկ փողոցներում միմյանց մշտապես նյութեր են փոխանցում, հետաքրքրվում են, այդ մեկը տեսե՞լ են, թե՞ չեն տեսել։ Այո, կա մեծ ոգևորություն, որ Արցախը մենակ չէ, այս դեպքում կարևորն այն է, որ ազգը ոտքի է կանգնում, արթնանում է։ Միասնական լինելու դեպքում ազգից որևէ մեկը չի կարող որևէ բան խլել, շատ կարևոր է գիտակցել, որ անձի շուրջ որևէ մեկը չի համախմբվում։ Դեռևս կան խոսակցություններ, թե սրա կամ նրա շուրջ չենք համախմբվում, չենք հավատում և այլն, դրանք, իհարկե, զուտ պատճառաբանություններ են ոտքի չկանգնելու համար, բայց իրականում, երբ ազգը ոտքի է կանգնում, առաջնորդներն այդ ժամանակ են ծնվում։ Վստահ եմ, որ այն ընդդիմադիր ընկերները, որոնք այսօր փողոցում են, որևէ մեկը նպատակ չունի գալու իշխանության. բոլորին համախմբել է մեկ գաղափար՝ փրկել ու փրկվել»,- հավելեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը վստահ է, որ սկսած շարժումը հասնելու է իր հանգրվանին, քանի որ, երբ ազգն է ոտքի կանգնում, նրա դեմ անզոր է որևէ մեկն ու որևէ բան։
«Վախեցողին են կարողանում ճնշել, նրան են ցեղասպանում, կամքն անսասան պահողի հետ հաշվի են նստում։ Մինչև շարժման սկսելը, մենք Արցախից այդ մեսիջն ուղարկեցինք, որ պետք է ուղղակի որոշում կայացնել ու կանգնել գաղափարի շուրջ, իսկ մեր գաղափարը հիմա հայրենիքի փրկությունն է, թույլ չտալ, որ մեր զոհվածների հիշատակը խեղաթյուրեն»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։