Բաժիններ՝

Ժան-Պիեռ Սեֆերյանը Հայոց ցեղասպանության իրողությունը ներկայացնում է «Անապատը. մահվան քայլերթ» ցուցահանդեսով

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պատկերասրահում բացվեց ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ժամանակավոր ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության հեղինակը արվեստի լեզվով փորձում է ցեղասպանության իրողությունը ներկայացնել ավելի լայն հասարակությանը: Ըստ հեղինակի՝ ցուցադրությունը ցույց է տալիս «Մահվան քայլերթ»-ի այն ճանապարհը, որը 1915 թվականին անցել են մեր հայրենակիցները:

Հեղինակը՝ ով նույնպես ցեղասպանությունը վերապրածների հետնորդ է, շնորհակալություն հայտնեց թանգարանի ամբողջ անձնակազմին ցուցադրությունը կազմակերպելու համար:

Նա նշեց, որ աշխատանքները ստեղծելիս ի սկզբանե ներշնչվել է քայլելուց: « Քանի որ երիտասարդ տարիքում շատ եմ քայլել՝ բարձրանալով բազմաթիվ սարեր, լեռներ, քայլելու ընթացքում շատ դժվար իրավիճակներ մեջ եմ գտնվել: Դու կարճ ժամանակում կարող ես ոչինչ չունենալ ուտելու, չկարողանաս քայլել և մոլորվես: Եվ ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչպե՞ս են մեր նախնիները քայլել այդքան երկար՝ սոված, ծարավ և շարունակել հաջորդ օրը նորից քայլել: Այն, ինչ ինձ իսկապես ներշնչել է այդքան երկար տանջանքներից, տառապանքներից հետո, կենդանի մնալն էր: Մարդիկ ովքեր քայլում էին ու վերապրել էին այդ քայլերթը, շարունակել են քայլել, բայց չիմանալով, թե ինչու: Ահա թե ինչպես է ստեղծվել ցուցադրությունը»,- ասաց Ժան-Պիեռ Սեֆերյանը:

Նա ընդգծեց, որ որոշել է այդ ամենը ներկայացնել երկար և կարճ ստվերների միջոցով ՝ ժամանակի և տարածության մեջ: Եթե ստվերը կարճ է ուրեմն արև է, եթե երկար է, ուրեմն երեկո է, այսինքն՝ կարելի է ասել ժամանակի նշանը տվել է ստվերների միջոցով, իսկ եթե չկան ստվերներ, դա նշանակում է՝ այդ մարդիկ կորսված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս