Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է. վիճակագրություն
Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է և համեմատելի է Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի հետ: Այդ մասին է վկայում Եվրոպայի խորհրդի հարապարակած՝ 2021 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։
«Մեր երկիրը շարունակում է ամրապնդել նախորդ տարիների վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում՝ դրանց կայունությունը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում 11%-ի չափով (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3536, 2019 թ-ին՝ 2266, 2020թ-ին՝ 2221 անձ, իսկ հաշվետու ժամանակահատվածում՝ 1976 անձ)։
Զեկույցում համեմատական է տարվել նաև 2011 և 2021 թվականների միջև և արձանագրվել, որ 2011 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 52 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երրորդ լավագույն արդյունքն է:
Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի հետ:
Հայաստանում 2021 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 2.3% ընդհանուր համամասնությունից, որը շատ ավելի ցածր է եվրոպական միջինից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ: Սա գրեթե երեք անգամ ցածր է եվրոպական միջինից (102 անձ): Այս ցուցանիշով Հայաստանը դասակարգման աղյուսակում զիջում է միայն մեկ երկրի: