«Անցածը մեզ համար պետք է դաս լինի. այսօր որևէ երաշխիք չկա, որ նույնը չի կրկնվի». Բակուր Կարապետյանը՝ Մարաղայի և Մարգուշավանի ջարդերի մասին

30 տարի առաջ, 1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը հրկիզել էր տներն ու կոտորել բնակչությանը։ Իսկ կոտորածից խուսափած բնակիչներին էլ գերեվարել էին ադրբեջանցիները, այդ թվում՝ կանանց և երեխաներին:

«Շուշի հիմնադրամի» նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, որ ծնունդով Մարաղայի հարևան Մարգուշավան գյուղից է և Արցախյան գոյամարտի վերաբերյալ բազմաթիվ գրքերի, հոդվածների ու ֆիլմերի հեղինակ, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ադրբեջանցիները այդ նույն ժամանակահատվածում ջարդեր են կազմակերպել ոչ միայն Մարաղայում, այլ նաև Մարգուշավանում, որտեղ 30-ից ավելի խաղաղ բնակչություն են մորթել։

«Սա չպետք է մենք մոռանանք։ Այս ջարդերից մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի խումբն էր այցելել Մարաղա և Մարգուշավան։ Նրանք հանել էին մարդկանց այրված դիերը, դրանք բոլորը նկարահանել։ Ստացվում է, որ որտեղ թուրքն ու ադրբեջանցին հայտնվում են, այնտեղ կոտորած ու ցեղասպանություն է։ Նույն ձեռնագիրը կատարվեց նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ մարդիկ մնացել էին իրենց տներում, օրինակ՝ Հադրութում, թշնամին մտել ու նրանց մորթել էր, մորթել էր անզեն մարդկանց։ Մենք այս ամենը չպետք է մոռանանք, պատմությունը չպետք է մոռանանք, մենք հիմա էլ պետք է նման բաների պատրաստ լինենք»,- ասաց Բակուր Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ ադբեջանական ձեռագիրը նույնն է եղել Մարաղա-Մարգուշավանում, Կիրովաբադում, Բաքվում, Սումգայիթում և հիմա էլ նույնն է։

«Ինքս Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եղել եմ, տեսել եմ այդ ամենը։ հետևաբար՝ այսօր որևէ երաշխիք չկա, որ նույնը չի կրկնվի, ուղղակի երաշխիքն այն է, որ ազգովի գոնե հիմա պետք է պատրաստ լինենք՝ կոտորածից խուսափելու համար։ Ախր, անցածը մեզ համար պետք է դաս լինի։ Եթե ճար չմնա, պետք է պարտիզանական պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, այսինքն՝ նույնիսկ այս մակարդակի պետք է պատրաստ լինենք։ Կրկնում եմ՝ որևէ երաշխիք չկա»,- հավելեց Բակուր Կարապետյանը։

Ըստ Բակուր Կարապետյանի՝ «Մարաղա-Մարգուշավան» գիրքը գրելիս, Արցախում և ՌԴ տարբեր վայրերում պտտվել, գտել ու զրուցել է այն մարդկանց հետ, որոնց հաջողվել է փրկվել Մարաղա-Մարգուշավան ջարդերից։ Նրանց հետ մանրամասն զրուցել է տեղի ունեցածի մասին և հավաքել փաստերն ու տվյալները։

«Մարաղայից փրկված մարդկանց մի մասը տեղափոխվել է Անապա, մի մասն էլ Արցախում նորից հիմնադրել էր Նոր Մարաղա, բայց Նոր Մարաղան էլ 44-օրյա պատերազմի ժամանակ նվիրեցին թշնամուն։ Թե վաղն ինչ կնվիրեն՝ դժվար է ասել»,-շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ քարոզչության հարթակում հայկական կողմը ոչինչ չի անում այս վայրագությունների մասին բարձրաձայնելու համար, մինչդեռ Ադրբեջանը չեղած կեղծիքները լցնում է գրքերը և տարածում աշխարհով մեկ։

«Ադրբեջանն իր կեղծիքը տարբեր լեզուներով թարգմանում ու տարածում է։ Ինքս աշխատություն եմ գրել՝ 650 էջանոց, որը վերաբերում է Արցախի խնդրի արմատներին, և այն ավելի շատ օտար ուսումնասիրողների համար է, որպեսզի նրանք իրականությունը տեսնեն։ Բայց այն չկարողացանք տպագրել, որովհետև տեր չկա՝ ոչ իշխանությունները, ոչ անհատները։ Մտածելակերպով հետ ենք, դրա արդյունքն էլ այն եղավ, որ ստեղծվեց հնարավորություն, որպեսզի իշխանության գա մարդ, որը պոպուլիստ է, որը երկիրն այսպիսի վիճակի հասցրեց՝ մտածելով միայն իր իշխանությունը պահելու համար»,- եզրափակեց Բակուր Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս