Գնում է գործարք Արցախը հանձնելու հարցում. կան առնվազն հիմնավոր փաստեր. Հովհաննես Ղազարյան

Արցախի անկախության ճանաչումն այս փուլում դարձյալ հրամայական է, որովհետև մեզ այլևս այլընտրանք չի մնացել, որովհետև, եթե հիմա այդ հարցը չենք բարձրաձայնում և տալիս լուծում, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանության կողմից չի կատարվում այն վերջին քայլը, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական։ Դա նշանակում է նաև, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի իր դերից, որը ստանձնել է այս 30 տարիների ընթացքում։

 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց «5165» շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ ունի կասկածելու հիմքեր, որ Հայաստանի իշխանությունն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում գնում է գործարքի։

«Գնում են գործարքի։ Կան առնվազն հիմնավոր փաստեր՝ կասկածելու համար, որ գնում են գործարքի՝ Արցախը հանձնելու հարցում»,- ասաց Ղազարյանը։

Դիտարկմանը՝ Ձեր ասածի հակառակն է պնդում Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ օրերս տված իր հարցազրույցում ասել է. «Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանի որևէ իշխանություն ուզում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Արցախի հիմնախնդիրը, երբ չի քննարկվում, դա չի նշանակում, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Դա կարող է լինել այլ գործընթաց», Հովհաննես Ղազարյանն արձագանքեց.

«Դավիթ Բաբայանի պատկերացումներն ու լավատեսությունը չեմ կիսում։ Ունեմ դրա համար իմ հիմնավորումները։ Երբևէ բանակցային գործընթացի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղ եզրույթը դուրս չի մնացել, Ադրբեջանը հիմա դրանից հրաժարվում է, որովհետև դիվանագիտության մեջ իրենք փորձում են ստանալ այն ամեն ինչը, ինչը հնարավոր է, ուստի քանի դեռ ստանում են զիջումներ, ավելիին են ձգտելու։ Բրյուսելյան եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նաև հղում արված չէ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը ևս բացառիկ երևույթ էր։ Այս իշխանությունն անընդհատ հայտնվում է Ադրբեջանի լարած դիվանագիտական ծուղակի մեջ՝ առանց բանակցային մեր հիմնական սկզբունքները ճանապարհային քարտեզի վրա դնելու, գնում է բանակցության, որի ժամանակ ամեն անգամ Ադրբեջանն անակնկալ է մատուցում, որի տակից Հայաստանի իշխանությունը չի կարողանում դուրս գալ»։

Հարցին՝ այս փուլում արդյո՞ք Հայաստանն Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ ճշտել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, ու այն հիմա ինչպիսի՞ն է, Հովհաննես Ղազարյանը պատասխանեց.

«Արցախի ճանաչման հետ կապված՝ մեր ուժից ներկայացուցիչներ էին մեկնել Արցախ և շոշափել էին այնտեղ տրամադրությունները։ Դա հաշվի առնելով է նաև, որ  եկել ենք այն եզրահանգման, որ կան բավարար հիմնավորումներ ճանաչման հարց բարձրացնելու համար։ Ցավոք, ես նկատում եմ Հայաստանի և Արցախի միջև քաղաքական կապերի խզում։ Այս իշխանությունների վարքագիծն ապացուցում է մի բան՝ նրանք հրաժարվել են Արցախից»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս