Հունգարիայի վարչապետը Պուտինին առաջարկել է Բուդապեշտում հանդիպել Զելենսկիի հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բուդապեշտում կազմակերպել հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին Օրբանը հայտարարել է Բուդապեշտում կազմակերպված համաժողովի ժամանակ՝ տեղեկացնելով, որ գաղափարը Պուտինին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում:
Օրբանի խոսքով՝ հանդիպմանը պետք է մասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա ընդգծել է, որ հանդիպման միակ նպատակը կրակի անհապաղ դադարեցումն է:
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Պուտինն ընդհանուր առմամբ դրական է նայել առաջարկին, սակայն կան նյուանսներ, որոնք դեռևս պետք է համաձայնեցվեն:
Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը բոլոր հնարավոր տարբերակներով փորձելու է հասնել հարևան երկրում հակամարտության դադարեցմանը, քանի որ դրանից է բխում նաև իր սեփական անվտանգությունը: