ՀՖՖ-ում տիրող բարքերը՝ որպես Նորվեգիա-Հայաստան խայտառակության պատճառահետևանքային արձանագրում
Մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում տեղի ունեցած Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կրեց իր պատմության ընթացքում ամենախոշոր պարտությունը՝ 9:0 հաշվով:

Այս պարտությունից հետո եղան պրոտոկոլային ներողություններ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի, ֆուտբոլիստների և Հայաստանի ֆուտբոլի (ՀՖՖ) ֆեդերացիայի անունից, որոնց, սակայն, չհետևեց և ոչ մի հրաժարական:
Այդ խայտառակ պարտությունից հետո չհնչեցին նաև հրաժարականի պահանջներ FAF երկրպագուների պաշտոնական ակումբի, այլ աջակցող կազմակերպությունների կողմից նույնպես, ովքեր մինչև 2018թ. հավաքականի յուրաքանչյուր, անգամ 0:1 հաշվով պարտությունից հետո պարտադիր պահանջում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ «Նեմեց, հեռացիր» պաստառները պարզած: Դե, իսկ թե ինչ ճնշման տակ էր Հայաստանի բոլոր ժամանակերի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, միջազգային ասպարեզում մեծագույն բարձունքների հասած միակ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը, բոլորն են հիշում: Հավաքականի յուրաքանչյուր անհաջող խաղից հետո նա դառնում էր քավության նոխազ, մեղադրվում այն բանում, որ իր ակումբում ամբողջովին ներդնում է իրեն, իսկ հավաքականում իր ուժերի ողջ ծավալով չի խաղում, որ վնասվածք չստանա:

Հենրիխ Մխիթարյանը հիմա հավաքականում չէ. եղավ այն, ինչ եղավ… Եվ եթե հաշվի առնեն՝ ինչպես վարվեցին Մխիթարյանի հետ, մի բան էլ ուշ եղավ: Ֆեդերացիան առնվազն անգործություն դրսևորեց Մխիթարյանին պաշտպանելու հարցում, մինչդեռ գոնե կարող էր հարյուրավոր ուղղորդված ֆեյքային հարձակումների դեմն առնել մի հայտարարությամբ:

Այն, որ հայկական ֆուտբոլում ու մասնավորապես այն համակարգող ու նրա համար պատասխանատու թիվ մեկ կառույցում՝ ՀՖՖ-ում, ամեն ինչ վատ է, խոսում է վերջին խաղի հաշիվը, որովհետև որքան էլ որ խաղն ընկերական էր, հետևաբար՝ հաշիվն ընտրական ցիկլի աղյուսակային դասավորվածության վրա ազդեցություն չէր ունենալու, այնուամենայնիվ, խաղի հաշիվը ցցուն վկան էր այն բանի, որ անգամ կամ հատկապես ընկերական խաղում չկա դիմադրություն, մարզական բնավորություն, խաղի կառուցվածք ու, ինչպես ասում են, պլան Բ:
Փաստ է, որ խզված է ֆեդերացիա-ներքին առաջնություն-Հայաստանի ազգային հավաքական կապը: Լրիվ առանձին թեմա է մանկապատանեկան ֆուտբոլի հարցը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում ՀՖՖ-ում ու նրա շուրջ, բավական է նշել միայն, որ վերջին տարիներին չի եղել այնպիսի տարի, որ բարձրագույն խմբի առաջնությունից որևէ թիմ դուրս չգա: «Տխուր ավանդույթը» բացեց «Երևան» ակումբը սկանդալից հետո, ապա՝ «Լոռին», «Գանձասարը», Շիրակը», «Սևանը»: Խնդիրն այն չէ, որ 8-10 թիմից բաղկացած առաջնությունում մի թիմի հեռանալը թվային առումով բալանս չի խախտում, որովհետև արագորեն կարող է համալրվել ստորին առաջնությունից բարձրագույն խումբ «գործուղված թիմով»: Խնդիրն այն անառողջ մթնոլորտն է և ոչ հավասար, կամընտրական մոտեցումը, որ թիմերի նկատմամբ ցուցաբերվում է Ֆեդերացիայի ղեկավարության կողմից:
Ամենացավալին այստեղ այն է, որ աստիճանաբար զրոյացվում է մարզային ֆուտբոլը, որովհետև բարձրագույն խումբը լքած թիմերը մարզային ակումբներ են, որոնք, ճիշտ է, շատ դեպքերում մարզվում և խաղում են մայրաքաղաքում, բայց ամեն դեպքում իրենց գաղափարախոսությամբ ներկայացնում են մարզերը՝ Կապանը, Վանաձորը, Գյումրին, Սևանը:
Պետք է նշել, որ «Շիրակը», ճիշտ է, դուրս չի եկել բարձրագույն խմբից ֆորմալ առումով, սակայն նախորդ առաջնության արդյունքներով՝ հրաժարվեց մասնակցել այս տարվա առաջնությանը. ներկայումս ակումբը ներկայացնում է 1-ին խումբը:
ՀՖՖ ղեկավարության այս աշխատանքային մարտավարությունը կարող է նշանակել մի բան. ամեն ինչ արվում է հայկական կապիտալը հայկական ֆուտբոլից դուրս բերելու համար: Ներկայումս բարձրագույն խմբում հայկական կապիտալի ներգրավմամբ ընդամենը մեկ ակումբ է գործում՝ «Ալաշկերտը», որը կենսունակ է բացառապես Բագրատ Նավոյանի ֆինանսական միջոցների հաշվին: Մյուս ակումբները գոյատևում են դրսի, մասնավորապես՝ ռուսական կապիտալով, և դեռ հարց է՝ ինչ է լինելու հետո:
Իսկ ՀՖՖ-ն չի՞ ուզում պարզաբանել՝ ինչո՞ւ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում Ֆեդերացիան պարտվեց «Լոկոմոտիվ» ակումբի հայցով:
Մի նկատառում ևս. ժամանակին Բարձրագույն խմբի բոլոր թիմերը՝ իրենց ղեկավարությամբ հանդերձ, պայքարում էին այն բանի դեմ, որ Ռուբեն Հայրապետյանի «Փյունիկն է» հավաքականի բազային ակումբը, և եթե լեգեոներներին հանենք, Հայաստանից հավաքականի անդամ դառնում էին հիմնականում Փյունիկի ֆուտբոլիստները:
Հետաքրքիր է՝ նույն այդ ակումբները հիմա հա՞շտ են այն մտքի հետ, որ այժմ հավաքականի համար բազային ակումբ է ԲԿՄԱ-ն, որն ի սկզբանե ստեղծվել էր՝ որպես բանակային թիմ, իր տրամաբանությամբ պետք է գտնվեր Պաշտպանության նախարարության ներքո, սակայն այժմ հանդիսանում է ուղիղ Ֆեդերացիայի թիմը, որում խաղում են տարբեր թիմերից հավաքագրված ֆուտբոլիստներ, և անգամ Նորվեգիա-Հայաստան խաղին այդ ակումբի 19-ամյա խաղացողը հայտնվում է հիմնական կազմում, կենտրոնական պաշտպանի գոտում, ու որպես արդյունք՝ 0:9 հաշիվ: Թե՞ հիմա դա կարևոր չէ, կարևոր է այն, որ Ռուբեն Հայրապետյանի թիմը չէ դա:

Ավելին, նշյալ կենտրոնական պաշտպանն այդ խաղից 4 օր առաջ տեղի ունեցած Հայաստան-Մոնտենեգրո խաղին կարմիր քարտ է ստացել 1-ին խաղակեսի վերջնամասում, ինչը նշանակում է, որ 19-ամյա կենտրոնական պաշտպանը միգուցե տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց դեռ հոգեբանորեն պատրաստ չէ այդ մակարդակի խաղերում 90 րոպե հանդես գալու համար: Որևէ մեկը հաշվի առե՞լ է այն, որ այդ պատանի ֆուտբոլիստը, ով երկու խաղ անընդմեջ ձախողում է գրանցում, կարող է հոգեբանորեն կոտրվել:
Հիշենք՝ ինչ տեղի ունեցավ հեռանկարային դարպասապահ Արսեն Պետրոսյանի հետ, ով Իռլանդիա-Հայաստան պատմական, հոգեբանական առումով շատ ծանր խաղի ժամանակ հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտ ստանալուց հետո զբաղեցրեց նրա տեղը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, անշուշտ, տաղանդավոր մարզիչ է. ի վերջո, Իսպանիայի Պրիմիերոյում պատահական մարդիկ թիմ չեն մարզում, սակայն որքանո՞վ է նպատակահարմար հիմքից խախուտ հավաքականում այդ մարզչի ներկայությունը, թող մասնագետներն ասեն:

Որևէ մեկը չի պնդում, թե Կապարոսը կազմի սխալ ընտրություն է կատարում. Մարզիչն ինքն է, ինքն է խաղի պատասխանատուն, ինքն էլ ընտրում է կազմը, սակայն ակնհայտ է, որ մարզիչն ունի մոտիվացնելու խնդիր:
Նորվեգիա-Հայաստան խաղում մինչև 40-րդ րոպեն մարզիչն արդեն կատարել էր 3 փոփոխություն: Սա չի՞ խոսում այն մասին, որ ի սկզբանե մարզիչը խաղը սխալ է սկսել:
Ի դեպ, Կապարոսի աշխատավարձը Հայաստանում այնպես է գաղտնի պահվում, ինչպես որևէ պետական ու ռազմական գաղտնիք չի պահվում: Տպավորություն է, որ ՀՖՖ-ում դրա մասին գիտեն 3 հոգի՝ Կապարոսի հետ պայմանավորվող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ստորագրողը և աշխատավարձը փոխանցող, ենթադրաբար, հաշվապահը:
168.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով տրամադրել Խոակին Կապարոսի և նրա թիմի աշխատավարձերի չափի ու պայմանագրերի կնքման պայմանների մասին տեղեկություններ: Ի վերջո, ողջ աշխարհում դա ֆինանսական գաղտնիք չէ. Ցանկացած ֆուտբոլիստի կամ մարզչի հետ կնքված պայմանագիրը անմիջապես դառնում է հանրության սեփականությունը: ՀՖՖ պատասխանը կամ դրա բացակայության մասին մենք անպայման կտեղեկացնենք մեր ընթերցողներին:
Մեկ այլ հարց է ՀՖՖ-ի անհետևողականությունն իրենց իսկ կայացրած որոշումների նկատմամբ: Բոլորն են հիշում, որ երկու տարի առաջ բավականին պատկառելի գումարով հայկական մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար Հայաստան հրավիրվեց իսպանացի շատ տաղանդավոր մարզիչ ու բացառիկ մասնագետ Հինես Մելենդեսը: Պայմանագիրը կնքվել էր 1+1 ձևաչափով: Մելենդեսը, արդեն մեկ տարի է՝ լքել է Հայաստանը պայմանագրի ժամկետի ավարտից հետո, և որևէ մեկը տեղյակ չէ՝ ինչ է առհասարակ պահպանվել Մելենդեսից հետո: Ըստ մամուլի հրապարակումների՝ Հինես Մելենդեսի ու նրա թիմի՝ Հայաստանում աշխատելը արժեցել է տարեկան 2 միլիոն դոլար: Հիմա խնդիրը Հայաստանում որևէ մեկին 2 միլոն դոլար տալու նպատակահարմարությունը չէ, այլ այն, որ չկա հաշվետվողականություն. մարդը գնացել է, ի՞նչ է մնացել նրանից հետո, ու ի՞նչ է արվում:
Մելենդեսի գալը Հայաստանում ներկայացվեց՝ որպես դարակազմիկ իրադարձություն: Այդ մասնագետը մասնավորապես դեմ է եղել մանկապատանեկան ֆուտբոլում հավաքական թիմերի պրակտիկային, և իր առաջին քայլերից մեկը հենց այդ պրակտիկան վերացնելն էր: Չկար թիմ, որը բազային էր մանկապատանեկան հավաքականների համար. հրավիրվում էին նրանք, ովքեր լավ էին խաղում: Մելենդեսից հետո հիմա մեր ազգային բոլոր հավաքականներն ունեն նման թիմ: Մանկապատանական ֆուտբոլում դրանք Ակադեմիայի թիմերն են, մինչև 19, մինչև 20 տարեկանների թիմերում ազգային հավաքականում՝ ԲԿՄԱ-ն:
Ֆեդերացիայում միգուցե կողմնորոշվե՞ն ու հայտարարե՞ն՝ կամ Մելենդեսը վատ մասնագետ էր, անիմաստ ենք այդքան փող տվել, կամ ընդունեն, որ թքած ունեն նրա մոտեցումների վրա, անում են այնպես, ինչպես ճիշտ են համարում:
Այնպես որ, արձանագրված հաշիվը ՀՖՖ-ում տիրող բարքերի սոսկ պատճառահետևանքային արձանագրումն է:
ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ



