Բացահայտվել է անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը․ կան ձերբակալվածներ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։
Մարտի 31-ին համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 35 ու 44 տարեկան երկու տղամարդ և 39-ամյա մի կին։
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 3 գրամ մեթամֆետամին: Նախնական տվյալներով՝ տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել մի օտարերկրացուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցն իրացնողին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն: