Բրյուսելյան հանդիպումը կարող է չափազանց կարևոր լինել, սակայն նաև միջանկյալ բնույթի. եվրոպացի վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։

Նախատեսվում է, որ կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Մարտի 30-ին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, կայացել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, քննարկումները կենտրոնացել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ծրագրվող հանդիպման նախապատրաստման վրա։

168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով սպասվող հանդիպումը և իրավիճակը հակամարտության գոտում, գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Եվրոպական միության համար Ուկրաինայում շարունակվող պատերազմի ընթացքում շատ կարևոր է չանտեսել կանոնավոր աշխատանքը մյուս ռեգիոններում, որոնցից մեկը Հարավային Կովկասն է:

Սակայն, ըստ նրա, այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում Ղարաբաղյան հակամարտության շուրջ, որքան էլ իր բնույթով տարբեր հակամարտություն է, ունի պատմություն, իր առանձնահատուկ խնդիրները, սակայն ներկայումս այն տարանջատել աշխարհաքաղաքական զարգացումներից և ՌԴ-Արևմուտք Ուկրաինայում ծավալվող պատերազմից՝ հնարավոր չէ:

Ըստ նրա, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում այնքան գլոբալ իրավիճակ է ու այնպիսի աշխարհաքաղաքական տեղաշարժերի է հանգեցնում ամենուր, որոնք միանշանակորեն չեն կարող շրջանցել Հարավային Կովկասը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքն ունեցել են ավանդական թեթև, բայց նկատելի առճակատում:

«ԵՄ-ն մեկուկես տարի կանոնավոր աշխատեց կողմերի հետ բազմակողմ տարբերակով, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հասնի այն միջնորդական դերին, որը ներկայումս ունի: Բնականաբար, ԵՄ-ն հավակնում է նաև մասնակցել շատ ավելի կարևոր հանգրվանների, ինչպիսին կողմերի միջև Խաղաղության համաձայնագրի ձևավորումն է, որի պրակտիկ աշխատանքը, չեմ կարծում, թե ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն են անելու: Չի բացառվում, որ այդ թեման շատ ավելի առարկայական քննարկվի այս հանդիպման ընթացքում, քանի որ կողմերը միմյանց ներկայացրել են իրենց պատկերացումներն առաջիկա բանակցությունների բովանդակության վերաբերյալ և արդեն կարող են մոտենալ բանակցային գործընթացին, հատկապես, երբ հայ-թուրքական բանակցությունները ևս ընթացքի մեջ են: Կողմերի միջև կրկին խնդրահարույց թեմաներ կան, և դա կարգավիճակի հարցն է: Ըստ իս, դա միակ լուրջ հարցն է, որի շուրջ կարող են կողմերը կրկին համաձայնության չգալ և երկարաձգել բանակցությունների մեկնարկը»,- նման կարծիք հայտնեց Ուվե Հալբախը:

Նրա տպավորությամբ՝ կարևոր է արձանագրել նաև, որ այս հանդիպումը տեղի է ունենում պատերազմի օրոք, որի արդյունքներն աշխարհի համար խոստանում են վճռական դառնալ, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, սա կարող է նաև միջանկյալ բարձրաստիճան հանդիպում լինել:

«Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը գործընթացում ուղղակի կամ անուղղակի կերպով ներկա է, Ղարաբաղում ռուս խաղաղապահներ կան, իսկ ՌԴ-ն ներկայումս, կարելի է ասել, «լռում է» կամ զբաղված է, սակայն չի բացառվում, որ իր միջնորդական դիրքորոշումը հայտնի պատերազմից հետո: Որքան էլ Ադրբեջանը ցանկանա արագացնել գործընթացները, դատելով տրամաբանությունից և աշխարհում տիրող իրավիճակից, արագ արդյունքները քիչ հավանական են թվում, հատկապես, երբ գործընթացին միանա ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Որոշ ազդակներ կան, որ այն կաշխատի, Անջեյ Կասպրչիկն այցելեց ռեգիոն, միջնորդներն առաջարկներ են փոխանցում կողմերին, սա նշանակում է, որ ինչ–որ աշխատանք կա, սակայն դրա շրջանակը վերջնական համաձայնեցված չէ, այդ պատճառով միջնորդները պաշտոնապես չեն արձագանքում հայկական կողմի առաջարկին:

Ամփոփելով՝ ասեմ, որ հանդիպումը կարող է լինել չափազանց կարևոր, սակայն նաև միջանկյալ, քանի որ եվրոպական մայրցամաքում աննախադեպ աշխարհաքաղաքական փոփոխություններ են և որևէ վերջնական արդյունքից խոսելը բարդ է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս