Այդ գիշեր գյուղացիները նշված տան մոտ «Տոյոտա» մակնիշի տաքսի էին տեսել…
Մարտի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս, սենյակները տակնուվրա անելուց հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել:
Ժամեր անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տարբեր վարկածներ առաջ քաշեց:
Հարուցվեց քրեական գործ:
Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանք սկսեցին:
Այդ գիշեր գյուղացիները նշված տան մոտ «Տոյոտա» մակնիշի տաքսի էին տեսել: Ոստիկանները ճշտեցին մեքենայի համարանիշերը: Մարտի 3-ին տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց նաև տաքսիով Ոսկեհատ եկած կասկածվողների ինքնությունը: Երկուսն էլ Էջմիածնի բնակիչներ էին. մեկը 30 տարեկան էր, մյուսը՝ անչափահաս: Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք։
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: