ԱՄՆ օրինագիծը պահանջում է զեկույց Արցախի դեմ ռազմական գործողության հավանականության մասին. Ամերիկայի հայկական համագումար
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից մարտի 9-ին ընդունած Համապարփակ հատկացումների օրինագիծը ներառում է հատված Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի վերաբերյալ, ինչպես նաև պահանջում է զեկույց Արցախի դեմ ռազմական գործողության հավանականության մասին։ Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից։
«Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Համապարփակ հատկացումների օրինագիծը, որն ամփոփում է 2022թ.-ի ֆինանսական տարվա ծախսերը, և որով կոչ է արվում «ոչ պակաս, քան» 45 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի համար և 2 միլիոն դոլար՝ Արցախում մարդասիրական ականազերծման համար, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Օրինագծով նաև պահանջվում է, որ «նախքան Հայաստանին և Ադրբեջանին աջակցության համար ակտի IV հոդվածով հատկացված միջոցների որևէ սկզբնական պարտավորություն, Պետքարտուղարը պետք է խորհրդակցի Հատկացումների հանձնաժողովների հետ՝ այդ ֆինանսական միջոցների առաջարկվող կիրառումների վերաբերյալ»:
Օգնության ներառումը անմիջապես հետևում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից առաջնորդված նամակին, որին սատարել են նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), ինչպես նաև հանձնախմբի անդամներ Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ջիմ Կոստայի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) մեկ այլ նամակին, որով հորդորել են Ներկայացուցիչների պալատի և Սենատի Հատկացումների Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովների ղեկավարությանը ներառել ևս 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Արցախին:
Օրինագիծն ինքնին ներառում է հատված ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի վերաբերյալ, ինչպես նաև պահանջում է զեկույց Արցախի դեմ ռազմական գործողության հավանականության մասին «սույն ակտի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օր անց»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բազմաթիվ հաղորդումներ են շրջանառվում Ալիևի վարչակարգի կողմից 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի պայմանների շարունակական խախտումների մասին, այդ թվում՝ սահմանային փոխհրաձգությունների հետևանքով հայերի սպանության մասին։ «Միայն այս շաբաթ ադրբեջանական ուժերը խոչընդոտել են դեպի Լեռնային Ղարաբաղ գնացող հիմնական վնասված գազատարի վերանորոգմանը, մինչդեռ, շրջանառվող տեղեկություների համաձայն, հենց իրենք էին կտրել խողովակաշարը՝ Ուկրաինայում պատերազմի քողի ներքո: Հենց ամսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի էքսկլավի սահմանին հրադադարի խախտման հետևանքով հայ զինվոր էր զոհվել, ևս մեկը վիրավորվել էր։ Բացի այդ, Արցախի պաշտոնյաներն մարտի 9-ին հաղորդել են, որ Ադրբեջանի բանակը «ակտիվորեն» օգտագործում է խոշոր տրամաչափի ականանետեր և ավտոմատ զենքեր՝ թիրախավորելու համար Արցախի գյուղական համայնքները՝ ստիպելով ֆերմերներին դադարեցնել «բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները»: Ավելին, վերջին երկու օրերի ընթացքում (և դեռ անհայտ է, թե որքան կշարունակվի) Արցախի ժողովուրդը զրկված է կենսական նշանակության գազամատակարարման խողովակաշարից, մինչդեռ ադրբեջանական զինուժը հրաժարվում է թույլ տալ մոտենալ՝ պատճառը պարզելու կամ վնասը շտկելու համար։ Միևնույն ժամանակ, վերջերս, Արցախն ավելի քան 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին օգնելու համար։
Անցյալ շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հրապարակեց Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի վերաբերյալ որով պարզվել է, որ, ըստ Նախագահ Մենենդեզի՝ «Պետդեպարտամենտը ձախողել է կատարել Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները»:
Ավելին, ըստ հանձնաժողովի նախագահ Մենենդեզի, GAO-ի զեկույցը «բացահայտեց, որ մի քանի տարիների ընթացքում Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը չբավարարեցնին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջներին»»,- հիշեցնում են Ամերիկայի հայկական համագումարից:
Նշվում է, որ զեկույցի այլ հիմնական բացահայտումները ներառել են այն, որ Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա, Պետդեպարտամենտի հիմնավորման հուշագրերը պարունակել են սահմանափակ կամ ընդհանրապես չեն պարունակում մանրամասներ՝ կապված օգնության չափի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության կարգավիճակի, ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ աջակցության ազդեցության կամ խաղաղության բանակցությունների վրա աջակցության ազդեցության հետ, Պետդեպարտամենտի 2021թ.-ի ուղեցույցում չէին տրամադրվել մանրամասն հրահանգներ գործակալություններին՝ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնելու պահանջների վերաբերյալ և այն, որ Պետդեպարտամենտը և Պաշտպանության նախարարությունը չեն փաստագրել 2014-2020թթ.-ի ֆինանսական տարիների կասեցման պահանջների իրենց դիտարկումը, ներառյալ այն, թե ինչպես են նրանք որոշել, որ օգնությունը չէր օգտագործվելու Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:
«Մինչ աշխարհը վկան է Ուկրաինայում շարունակվող ավերածությունների, մենք հորդորում ենք շարունակական զգոնություն պահպանել՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ իր շարունակական հարձակումների համար»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: