«Այս սադրիչ գործողությունները միաժամանակ ուղղված են և՛ ռուս խաղաղապահների, և՛ արցախահայության դեմ». Նոր շենի գյուղապետ
Մարտի 4-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել Արցախի Հանրապետության Նոր շեն գյուղի ուղղությամբ, նախ՝ օդ է կրակել, հետո բարձրախոսով հայերենով հայտարարել, որ բնակիչները լքեն իրենց գյուղը։
168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Նոր շենի գյուղապետ Գևորգ Հարությունյանն ասաց, որ, բարեբախտաբար, թշնամին օդ է կրակել, և գյուղը դրանից վնաս չի կրել։
«Այսօր իրավիճակը նորմալ է, երեկ ամբողջ օրը թշնամին օդ էր կրակում ու հայերենով ասում, որ լքեն գյուղը։ Առաջին անգամ էր, որ բարձրախոսով նման սադրիչ գործողությունների էին դիմում։ Այս ամենի մասին մենք տեղյակ ենք պահել ռուսական կողմին, բանակցում են, երևի այսօր կասեն, թե ինչ պետք է անեն»,- նշեց Գևորգ Հարությունյանը։
Ըստ նրա, թեև բնակիչները նման իրավիճակների սովոր են, բայց անհանգիստ են, ամեն դեպքում թշնամին կրակում է։
«Կարծում եմ՝ այս սադրիչ գործողությունները միաժամանակ ուղղված են և՛ ռուս խաղաղապահների, և՛ արցախահայության դեմ»,- եզրափակեց Նոր շենի գյուղապետը՝ հորդորելով սպասել բանակցությունների արդյունքներին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թշնամին նմանատիպ գործողությունների դիմել էր Խրամորթ գյուղի բնակչությանը, կոչ էր արել լքել գյուղը՝ ասելով, թե այն իրենց է պատկանում։