Բաժիններ՝

Ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող դեմպինգ իրականացնել․ ՄՊՊՀ-ն՝ ձվի շուկայում կատարվողի մասին

Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները մոտ մեկ ամիս է` ահազանգում են՝ հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:

Ավելին, մարտի 1-ին հայտնի դարձավ, որ փակման եզրին է կանգնած նաև թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Ընկերության ղեկավարությունն  իր տարածքում՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, բողոքի ակցիա  իրականացրեց և հավեր նվիրեց ցանկացողներին:

«Այսօր բողոքի ակցիա ենք իրականացնում, որի շրջանակներում մեր մի թռչնագոմը բաժանում ենք բնակիչներին՝ այդպես փորձելով գրավել պատկան մարմինների ուշադրությունը: Խոսքը 8000 թռչունի մասին է»,- 168.am-ին հայտնել էին «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց.

«Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% և ավելին: Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, ապա շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար՝ ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս