Բաժիններ՝

«Тут помню, тут не помню». Դանիել Իոաննիսյանի ընտրովի հիշողությունն ու Քրիստինե Գրիգորյանի խորհրդավոր լռությունը

ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենաներ է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ:

Պարեկապահակային ծառայության ներդրման համակարգողներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այս գործարքի մեջ կոռուպցիոն ռիսկ է տեսնում: Factor.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ոստիկանությունը տեխնիկական այնպիսի պահանջներ է առաջադրել, որոնք սահմանափակել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող այլ ընկերությունների մասնակցությունը մրցույթին:

«Ոստիկանությունը մուլտիմեդիա համակարգերի ինչ-որ շատ բարձր պլանկա է դրել… Մի բան, որ ընդհանրապես պարզ չէ՝ պարեկային մեքենայի ինչին է պետք»,- տարակուսել է Դանիել Իոաննիսյանը:

Նրա պնդմամբ՝ մեկ այլ սահմանափակում է եղել մեքենայի արտադրման տարեթվի պահանջը, ըստ որի՝ մեքենաները պետք է լինեն 2022թ. արտադրության, ինչն էլ,  Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ պատճառ է հանդիսացել, որ 2021թ. դեկտեմբերի արտադրության մեքենաները մրցույթից դուրս մնան:

Դանիել Իոաննիսյանը խոսել է նաև այլ սահմանափակումների մասին․ պարզվում է, սահմանադրություն փոխելու ընդմիջումներին նա նաև բավականին հետաքրքրված է ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերով և վստահ է՝ լավ էլ տիրապետում է դրանց:

Դանիել Իոաննիսյանը նշում է՝ այս սահմանափակումները հանգեցրել են նրան, որ ըստ իրեն՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ն շահի պարեկային ծառայության մեքենաների մատակարարման մրցույթը:

«Ակնհայտ է դառնում, որ այդ սահմանափակումները բավականին սահուն կերպով բերեցին նրան, որ վերջում ոչ միայն «Տոյոտան» մատակարարվի, այլև այս պատմության մեջ «Տոյոտան» ներկայացվի՝ որպես դրական հերոս, որը փրկում է պարեկային ծառայությունը»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

Առանց այս գործարքի տեխնիկատնտեսական պարամետրերին ու նպատակահարմարությանն անդրադառնալու՝ Դանիել Իոաննիսյանին հիշեցնենք շուրջ մեկ տարի առաջ Երևան քաղաքում պարեկային ծառայության ներդրման համար  «Շկոդա» ավտոմեքենաների՝ տենդերի միակ մասնակիցը մնալու և սահուն հաղթելու պատմությունը, որին, բնականաբար, որևէ անդրադարձ չեղավ: Գործարքի արժեքը կազմել էր 1 միլիարդ 800 միլիոն դրամ:

2021թ. մայիսին 168.amանդրադարձել է պարեկային ծառայության կարիքների համար անհրաժեշտ «Շկոդա» ավտոմեքենաների տենդերի պատմությանը:

Պարեկային ծառայության համար անհրաժեշտ մեքենաների մրցույթին մասնակցել էր միայն մեկ ընկերություն՝ «Շկոդան», ում անունը ուղղակիորեն կապվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի հետ: 

Ի սկզբանե, սակայն, «Շկոդան» միակ մասնակիցը չի եղել. նախապես մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները, որոնք էլ, ծանոթանալով մրցույթի պայմաններին, հրաժարվել են մասնակցությունից՝ համարելով առաջարկված պայմաններն անիրատեսական:

Փաստացի մրցույթի պայմաններից մեկը եղել է այն, որ հաղթող մակնիշի ավտոմեքենան պետք է կարողանա 10-12 վայրկյանում զարգացնել 100 կմժ արագություն, պիտի 100 կիլոմետրի համար ծախսի 5-10 լիտր բենզին:

Բացի դրանից, տենդերը հաղթողը մեքենայի վրա պետք է տեղադրեր մի շարք սարքավորումներ, որոնց մասին վերը նշել էինք: Իսկ դա հոսանքային տեսակետից բավականին ծախսատար է:

Ենթադրենք, մեքենայի հոսանքային հզորության հնարավորությունը 60 ամպեր է, սակայն մրցութային հանձնաժողովը, բացի այդ 60-ից, ցանկացել է ևս 100-ից ավելի ամպեր հզորություն: Եղանակն էլ են նշել. մեքենայի վրա տեղադրել փոխարկիչ, որը կապահովի 1500 վտ հզորության և 220 վոլտ լարման հոսանք:

Պահանջել են նաև X քանակի փարոսիկներ ու ճաղավանդակներ տեղադրել: Այդ պայմաններում մեքենայի շարժիչը չէր կարող դիմանալ:

Մեր տեղեկություններով՝ «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները գրավոր դիմում էին հղել մրցութային հանձնաժողովին՝ նշելով, որ անհնար է այդ պայմաններին բավարարելը, և «Տոյոտա Քեմրի» և «Ռենո» մակնիշի ընկերությունները չեն մասնակցի մրցույթին:

168.am-ը հրապարակել էր նաև «Ռենո» ընկերության հղած ռուսերեն նամակը մրցութային հանձնաժողովին, որում ընկերությունը հստակ հիմնավորել է, թե ինչո՞ւ մրցութային պայմանները բավարարվել չեն կարող ապրիորի:

Մրցութային հանձնաժողովին որևէ կերպ չեն անհանգստացրել մասնակիցների՝ «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունների ներկայացրած օբյեկտիվ փաստարկները. պատասխանը եղել է մոտավորապես՝ «կանենք՝ կտեսնեք» տրամաբանության մեջ:

Դրանից հետո, սակայն, երբ երկու ընկերությունները վերջնականապես հրաժարվել են մասնակցել տենդերին, և մնացել է միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի «Շկոդան», փոխվում են մրցույթի  պայմանները, գումար է ավելացվում, որպեսզի «Շկոդան» խնդիրներ չունենա:

Նպատակը, ինչպես ասում են, իրագործվում է. կարևոր չէ, որ տեխնիկական պահանջներն անիրատեսական են, որ հետագայում այդ մեքենաները խնդիրներ կունենան, կարևորը՝ «Շկոդայի» հետ գործարքը կկնքվի:

Մասնավորապես, սկզբում պարտադիր պահանջ է եղել, որ մեքենաների մոնիտորները պարտադիր պետք է մուտքեր ունենան, սակայն հետո խմբագրվել է, և արդեն իսկ կնքված պայմանագրում մոնիտորի մուտքերի վերաբերյալ պահանջը բավարարում է:

Մեզ ասացին, որ սա հանգեցնելու է նրան, որ սարքավորումները չեն կարողանալու միացնել էկրանին, քանի որ ներկառուցված մոնիտորը, ըստ պայմանագրի, չունի մուտքեր, որոնցով դիսփլեյի վրա ցույց կտա թե ծրագրային, թե տեսախցիկի առջևի, և թե հետևի պատկերները:

Սա արդեն, ըստ էության, «Պետական գնումների մասին» օրենքի մի շարք հոդվածների խախտում է, պաշտոնական դիրքի չարաշահում, որովհետև երբ պայման է փոխվում, պետք է նոր տենդեր հայտարարվեր, և այդ մասին պետք է պարտադիր իրազեկվեին բոլոր մասնակիցները:

Ինչևէ, մրցույթում հաղթել է 1.4 շարժիչով «Շկոդան»: Այսինքն՝ հայտարարվում է մրցույթ անհնարին պայմաններով, մասնակցության հայտ են ներկայացնում մի քանի ընկերություններ, որոնցից երկուսը հիմնավորում են հայտարարված պայմաններին չբավարարելու իրենց փաստարկները, ապա հրաժարվում այդ պայմաններով մասնակցել մրցույթին, ինչից հետո փոխում են մրցույթի պայմանները, որ մասնակից միակ ընկերությունը հաղթի:

Ի դեպ, տենդերը հայտարարել էր ոստիկանության գնումների պատասխանատուն՝ Արսեն անունով, որի վերահսկողությունն իրականացնում է Պետական վերահսկողական ծառայության աշխատակից սևանցի իր քավորը:

Հետաքրքիր է, պարեկային ծառայության ներդրման մյուս ջատագովին ու համակարգողին՝ ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան, արդարադատության նախկին փոխնախարար, ծնունդով սևանցի Քրիստինե Գրիգորյանին արդյոք չի՞ հետաքրքրել, թե ինչու են փոխվում մրցույթի պայմանները, ո՞նց է լինում, որ մնում է մեկ մասնակից, ի՞նչ նամակներ են հղվում պատկան մարմիններին մրցույթի մյուս մասնակիցների կողմից, ինչո՞ւ են հրաժարվում բավականին շահեկան գործարքից, ինչո՞ւ հետագայում այդքան շուտ շարքից դուրս եկան «Շկոդաները», ինչո՞ւ ամեն ինչ արվեց, որ հաղթի «Շկոդան», և ո՞վ ի՞նչ ուներ այդ գործարքի մեջ:

Այս հարցերը, վստահ ենք, պետք է հետաքրքրեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ և ամենաարդար փաստաչափ Դանիել Իոաննիսյանին, սակայն, չգիտես ինչու, «Տոյոտաների» գործարքի կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելիս նա «մոռացել» է հիշել այս փաստի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս