Հայաստանից ձուկ հիմնականում արտահանվում է Ռուսաստան

«Քչերն են կարողանում դիմանալ մեր մեծ եղբայր Ռուսաստանի կողմից իրականացվող՝ օրենքով նախատեսված և չնախատեսված ճնշումներին»

Տարեցտարի ավելանում են ձկնատեսակների արտահանման ծավալները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» h/կ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը՝ հավելելով, թե Հայաստանից արտահանվող հիմնական ձկնատեսակներն իշխանն ու թառափն են, որոնք մեծամասամբ  արտահանվում են Ռուսաստան:

«Ռուսաստան 2009-ին արտահանումը կատարվում էր մոտ 800  տոննայի չափով: 2010-ին այն ավելացավ ևս 200 տոննայով, 2011-ին արդեն գերազանցում էր 1200 տոննան: 2012-ին, իմ ունեցած տվյալներով՝ 1400-ն է գերազանցել»,- ասաց Արթուր Աթոյանը՝ նշելով, թե հիմնական արտահանողները 4-ն են:

Արթուր Աթոյանը նաև նշեց, որ ձկնաբուծական ընկերություններն ունեն մի շարք խնդիրներ, որոնց մեղավորները ձկնաբուծական ընկերությունները չեն: Ըստ նրա՝ խնդիրներից մեկն այն է, որ գյուղատնտեսական նշանակության հողերն արտադրողները պետք է փոխեն արտադրականի: ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի հաշվարկով`պետք է վճարվի նաև կադաստրային արժեքի տարբերության գումարը. «Յուրաքանչյուր համայնքում կադաստրային արժեքը տարբեր է՝ սկսած 520 դրամից մինչև 1950 դրամ յուրաքանչյուր մ2 համար»: Ես բազմաթիվ անգամներ հիմնավորումներ եմ տվել, որ այդ գումարը չկա ձկնաբույծների ձեռքում:

Արթուր Աթոյանի խոսքով` ձկնաբուծարանները խնդիրներ ունեն Բնապահպանության նախարարության հետ՝ կապված ջրօգտագործման ժամկետի երկարաձգման հետ: Ըստ Աթոյանի` ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 3 տարի ժամկետով. «Սա հիմնավորված չէ, վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական խմբում ներկայացրել ենք հիմնավորումներ, որ 3 տարին դառնա 25 տարի: Բացի այդ՝ ջրօգտագործման ժամկետի երկարացման համար պահանջվում են որոշակի  փաստաթղթեր, որոնք պահանջում են բնապահպանական մասնագիտական գիտելիքներ, որը ձկնաբույծը չունի: 2011-ից ներկայացվող փաստաթղթերի թիվը հասնում է 13-ի: Նման պայմաններում ձկնաբուծական ընկերությունները կախման մեջ են ընկնում որոշ մասնագետներից»:

Ըստ Արթուր Աթոյանի՝ լուրջ խնդիր է նաև արտահանումը. նրա դիտարկմամբ՝ պետությունը պետք է աջակցի, որպեսզի մանր արտադրողները ևս կարողանան արտահանել իրենց արտադրանքը. «Խոշորներից շատ քչերն են, որ կարողանում են դիմանալ մեր մեծ եղբայր Ռուսաստանի կողմից իրականացվող՝ օրենքով նախատեսված և չնախատեսված ճնշումներին»:

Արթուր Աթոյանը նաև նշեց, թե իրենք ցանկանում են ազատվել ոլորտում մենաշնորհի առկայությունից. «Մենք չենք ուզում որևէ մեկին մեղադրել, որ նա շատ է հզորացել, մենք պետք է օգնենք փոքրերին»:

Տեսանյութեր

Լրահոս