Դուրգարյանն այնքան կմնա Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հասկանան, թե փոփոխված օրենքով ե՞րբ կկարողանան մրցույթ հայտարարել
Փետրվարի 28-ին լրացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի պաշտոնավարման ժամկետը:
Լուրեր են շրջանառվում, որ 3 ամսով երկարաձգել են Դուրգարյանի պաշտոնավարման ժամկետը:
Իրականում Կարեն Դուրգարյանին այդ պաշտոնում նշանակելու հրամանում գրված է. «Կարեն Դուրգարյանին 2021թ. օգոստոսի 30-ից նշանակել ՀՀ ԿԳՄՍՆ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեզ հայտնել էին, որ մրցույթ կհայտարարվի 1-2 ամսվա ընթացքում:
Մեր տեղեկություններով՝ մրցույթ չեն շտապում հայտարարել, քանի որ ՊՈԱԿ-ին վերաբերող հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն: Ասել է թե՝ մինչև նոր կարգը չլինի, մրցույթ չի հայտարարվի։ Իսկ, թե քանի՞ ամիս կտևի այդ գործընթացը և փոփոխված օրենքով ե՞րբ կկարողանան մրցույթ հայտարարել՝ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 2021թ. դեկտեմբերի 10-ին ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են կատարվել:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացել է 61 «կողմ», 26 «դեմ» ձայներ: ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել էր, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև:
Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող, գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Նախատեսվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակի ընդլայնում, ըստ էության, ժամկետային առումով՝ առավել խստացում»,- նշել էր փոխնախարարը: