Վիճակը ծանրանում է. կա սննդի և վառելիքի խնդիր. Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները՝ տիրող վիճակի մասին

«Ուկրաինայում հայերն ունեն նույն խնդիրները, ինչ բոլոր քաղաքացիները: Նրանք էլ, շատերի պես, լքում են երկիրը, իհարկե, նրանք, ովքեր որ հնարավորություն ունեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական համայնքը, եկեղեցին և դեսպանությունն օգնում են հայերին, բայց գնալով վատանում է իրավիճակը:

«Վառելիք չունենք: Բացի դա՝ վիճակը ծանրանում է նաև այն առումով, որ  փաստաթղթերի հետ կապված խնդիր ունեցողներ կան: Հիմա նոր սկսում են դիմել օգնության»,- նշեց Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանի փոխանցմամբ՝ կա սննդի և վառելիքի խնդիր:

«Երեկ 1.5 տոննա սնունդ եմ բաժանել»,- նշեց նա:

«Պատերազմի վեց օրվա ընթացքում ռուսական կողմին հաջողվել է արգելափակել ամենափոքր շրջաններից մեկը` Խերսոնը: Հիմա այնտեղ մարտերը շարունակվում են: Նրանք համարյա մոտեցել են Նիկոլաևին: Այնտեղ ևս ինքնապաշտպանություն է կազմակերպված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեպան Իվան Կուխտան:

Նա խոսել է  նաև Կիևի մասին՝ ասելով․«Իրավիճակն այնտեղ բարդ է, պարետային ժամ է գործում, խանութներն աշխատում են ոչ շուրջօրյա գրաֆիկով: Երեկ քաղաքապետ Կլիչկոն արգելեց ալկոհոլային խմիչքի վաճառքը Կիևում: Կան առաջին անհրաժեշտության մթերքներ և ջուր: Քաղաքում խուճապ չկա: Իմ տղան է Կիևում: Գրել էր, որ հերթեր են խանութներում, հաց չկա, կրուասան են գնել, մարդիկ ապրում են: Իրավիճակը շատ ծանր է, բայց ոչ կրիտիկական»։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Տեսանյութեր

Լրահոս