Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը
Թուրքիայում պատրաստվում են քննարկել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ազդեցությունն իրենց երկրի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաղը խորհրդարանին տեղեկություններ է հաղորդելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ։
Մյուս կողմից, Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեթթին Նեբաթիի գլխավորությամբ այսօր Գների կայունության կոմիտեն քննարկելու է գնաճի դեմ պայքարը և Ռուսաստան-Ուկրաինա զարգացումների հնարավոր ռիսկերը Թուրքիայի համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցուդարձը սահմանափակելու հարցում Թուրքիայի լիազորությունների կիրառման մասին: Նա ասել էր, որ չեն անտեսելու տարածաշրջանային և միջազգային բալանսները և չեն հրաժարվելու ո՛չ Ուկրաինայից, ո՛չ էլ Ռուսաստանից։