Թիրախում տնտեսությունն է

Գների տեմպը մեղմելու համար Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել զսպողական կամ փողի թանկացման քաղաքականություն։ 2020թ. վերջից մինչև հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե կրկնապատկվել է։

Հերթական բարձրացումից հետո, որն արվեց այս տարվա սկզբին, այն հասավ 8 տոկոսի։

Ութ տոկոսը չափազանց բարձր գին է, ինչը մեծացրել է ճնշումը տնտեսության ֆինանսական հոսքերի վրա։ Այլ հետևանքներից բացի, դա բերել է նաև տնտեսության մեջ մտնող բանկային կապիտալի սահմանափակման։

Բանկային կապիտալը դուրս է մնում տնտեսությունից։ Անցած տարի ունեցանք բանկերի վարկային պորտֆելի աննախադեպ կրճատում։ Դժվար է նույնիսկ հիշել, թե նման երևույթ բանկային համակարգում վերջին անգամ երբ էր դիտարկվել։

Տարվա ընթացքում ռեզիդենտներին տրվող վարկերը նվազեցին ավելի քան 153 մլրդ դրամով։ Տարադրամով արտահայտված այն անցնում է 300 մլն դոլարից։

Արդյունաբերության մեջ իրականացվող վարկային ներարկումները մեկ տարում պակասել են 133 մլրդ դրամով՝ 655 միլիարդից իջնելով 522 միլիարդի։

Կրճատվեցին ոչ միայն ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերը։

Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի նվազումը գերազանցեց 430 մլն դոլարը։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա վերջին այն կազմեց 3 տրիլիոն 940 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ ճգնաժամային 2020թ. անցնում էր 4 տրիլիոն 150 մլրդ դրամից։

Այնտեղ ենք հասել, որ բանկային ավանդները գերազանցում են վարկերին։

Ռեզիդենտները ու ոչ ռեզիդենտները, վերջին տվյալներով, բանկերում ունեն 4 տրիլիոն 24 մլրդ դրամի ավանդ։ 84 միլիարդով ավելի շատ, քան վարկերն են։

Փողը գնացել և մնացել է բանկերում։ Այն նույնիսկ վարկային ներդրումների չի վերածվում։

Մի կողմից՝ թանկացել է փողը, մյուս կողմից՝ չկա վստահություն տնտեսության նկատմամբ։ Նվազել է ոչ միայն քաղաքացիների, այլև բանկերի վստահությունը տնտեսության նկատմամբ։

Ընկել է նաև վարկային միջոցներ կլանելու և սպասարկելու տնտեսության պոտենցիալը։

Այդ ամենը բերել է տնտեսության մեջ մտնող բանկային կապիտալի կրճատման։

Փողը բանկերում կուտակվել է, բայց տնտեսության մեջ չի մտնում։ Կառավարությունը հպարտանում է, որ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ շուկայում պահանջարկը մեծ է։ Վերջին թողարկման ժամանակ այն գրեթե կրկնակի ավելի շատ էր։ Բայց դա բոլորովին էլ հպարտանալու չէ։ Տնտեսության մեջ ներդնելու տեղ չունենալով՝ բանկերը ստիպված են կուտակված գումարները պարտքով տալ կառավարությանը։

Տնտեսությունը փողի կարիք ունի, փողը կարծես կա, սակայն տնտեսությանը չի հասնում։

Երբ նոր էին եկել իշխանության, մեծ-մեծ խոսում էին արժեթղթերի բորսան աշխուժացնելու, ֆինանսական ռեսուրսները գեներացնելու և տնտեսության զարգացումներին ծառայեցնելու մասին։ Հիմա տեսնում ենք, թե այդ գործիքը որքանով է աշխատում։ Արժեթղթերի բորսան անցած 4 տարվա ընթացքում ինչպես եղել, այնպես էլ մնացել է նույն ամորֆ կառույցը։

Մյուս կողմից էլ կառավարությունն է արգելակում տնտեսության մեջ ֆինանսական հոսքերի ավելացմանը։

Հարկերի ու բազմաթիվ այլ վճարների տեսքով փողը հանում է տնտեսությունից ու չի կարողանում ժամանակին վերադարձնել։ Չեն կատարվում նախատեսված բյուջետային ծախսերը։

Այդքան խոսելուց հետո կրկին նույն վիճակն է՝ հատկապես կապիտալ ծախսերի դեպքում։

Կապիտալ ծախսերը պետական ներդրումներ են, որոնք նպաստում են տնտեսության աշխուժացմանն ու հետագա տնտեսական գործընթացների համար խթանների ստեղծմանը։ Թվում էր, թե 3-4 տարին բավարար ժամանակ է, որպեսզի կառավարությունն ի վերջո հասկանա, թե ինչո՞ւմ է կապիտալ ծախսերի թերակատարումների պատճառը, ու հետևություններ անի։ Բայց արի ու տես, որ ոչ մի հետևություն էլ չեն արել։

Անցած տարի էլ կապիտալ ծախսերը թերակատարվեցին։ Ճշգրտված պլանով նախատեսված ավելի քան 229 մլրդ դրամի փոխարեն՝ կառավարությանը հաջողվել է իրականացնել միայն 201 մլրդ դրամի կապիտալ ծախս։

Ծախսերի թերակատարումը ճշգրտված պլանի նկատմամբ հասնում է 14 տոկոսի։

Բայց դա էլ ամբողջը չէ։

Այն բանից հետո, երբ տեսան, որ նախատեսված ծախսերը չեն կարողանում կատարել՝ տարեվերջին կրկին ճշգրտեցին ու նվազեցրին։ Թեև նվազեցումից հետո էլի թերակատարել են։

Կապիտալ ծախսերը նույնիսկ չեն հասել նախորդ տարվա մակարդակին։ 2020թ. համեմատ 26 միլիարդով կամ 11,5 տոկոսով պակաս են եղել։

Թե հերթական անգամ կապիտալ ծախսերի թերակատարումն ինչի՞ հետևանք է, արդեն կարևոր չէ։ Փաստն այն է, որ կառավարությունն ամեն տարվա սկզբին որոշակի գումարներ է պլանավորում կապիտալ ծախսեր կատարելու համար, հպարտանում, որ կապիտալ ծախսերն այս կամ այն չափով ավելացրել է, բայց վերջում չի կարողանում ժամանակին իրականացնել այդ ծախսերը։

Այսքանից հետո էլ այս տարվա համար կապիտալ ծախսերի այնպիսի շեմ են դրել, որը 72 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա կատարողականը։

Անցած տարի կարողացել են իրականացնել 201 մլրդ դրամի կապիտալ ծախսերը, այս տարի պատրաստվում են անել 347 մլրդ դրամի։ 146 միլիարդով ավելի շատ։ Սրա հետ էլ կապում են այս տարվա 7 տոկոսի տնտեսական աճի ակնկալիքը, երբ ի սկզբանե հարցականի տակ է այդ ծրագիրը։

Կապիտալ ծախսերի թերակատարումները շատ հաճախ արդարացնում են անհրաժեշտ հզորությունների բացակայությամբ։ Բայց նման հզորություններ ստեղծելու մասին մտածելու փոխարեն, այդ իրավիճակն օգտագործում են պետական գնումների շրջանակներում յուրայինների և մերձավորների բիզնես շահերն առաջ մղելու ու սպասարկելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս