Գերմանիայի ԱԳ նախարարը ճգնաժամային շտաբ է ձևավորում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) կառավարության ճգնաժամային շտաբի նիստ է նշանակել արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հաղորդել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Բերբոկը հայտարարել է, որ «Ռուսաստանը խախտում Է միջազգային կարգի տարրական կանոնները»:
«Մեր գործընկերների հետ միասին մենք կհակազդենք: Մեր ողջ համերաշխությունն Ուկրաինայի հետ է»,- ասել է Բերբոքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լույս հինգշաբթի գիշերը հայտարարել է, թե որոշում է ընդունել Դոնբասի իրադրության կապակցությամբ հատուկ ռազմական գործողություն անցկացնել:
Հինգշաբթի օրն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խոցման գերճշգրիտ միջոցների օգնությամբ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, ռազմական օդակայաններին եւ օդուժին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: