«Խոսակցությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացն առանց նախապայմանների է, բլեֆ է». Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ սպասելի էր, որ ԱԺ իշխող խմբակցությունը կցուցաբերի նման վարքագիծ՝ արտահերթ նիստին քվորում չապահովելու համար, քանի որ Արտաքին հարաբերությունների նիստում նրանց ներկայացրած մոտեցումը հուշում էր, որ խուսափելու են բաց քննարկումից։

«Իրենք վախեցան ժողովրդի առաջ իրենց կարծիքը ներկայացնելուց, մտածեցին, ավելի լավ է՝ հանձնաժողովում այդ շան լափն իրենց գլխին թափվի, և մի քիչ ավելի քիչ աղմուկ բարձրանա։ Բայց պետք է ասեմ, որ ամսի 21-ից սկսած ՀՀ իշխանությունն առնվազն չի դատապարտում Շուշիի հռչակագիրը, որն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի հայաթափման դեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով իրենց նախաձեռնությամբ հրավիրված, բայց չկայացած՝ այսօրվա ԱԺ արտահերթ նիստին։

Ըստ Ա. Թևանյանի, եթե Հայաստանը՝ ի դեմս իր խորհրդարանի, չի դատապարտում կամ առնվազն գոնե մտահոգություն չի արտահայտում Շուշիի հռչակագրի հետ կապված, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը քվեարկում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ։

«Այդ հռչակագրում հստակ սահմանված են մեր այն կարմիր գծերը և ռազմավարական նպատակները, որոնք մենք հետապնդում ենք, ըստ էության, Շուշիի հռչակագիրը դրա դեմ է ուղղված, և Հայաստանի իշխանությունը կրավորական համաձայնողական կեցվածք է ընդունում այդ մասով և փաստացի արձանագրում, որ ինքն առաջնորդվում է թուրքական օրակարգով։ Բոլոր այն խոսակցությունները, համաձայն որի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացն առանց նախապայմանների է՝ բլեֆ է, դա ծաղր է մեր հասարակության նկատմամբ, որովհետև բոլոր նախապայմանները կա՛մ բավարարված են՝ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, կա՛մ գտնվում են բավարարման փուլում։ Այդ նախապայմաններն էին՝ հրաժարվել Արցախից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, վերահաստատել Կարսի պայմանագիրը, հիմա էլ ավելացել է նորը, որն ամրագրված է Շուշիի հռչակագրում՝ այդ նորը վերաբերում է «միջանցքին», ինչպես իրենք են ձևակերպում»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

Նա ընդգծեց, որ վաղը Հայաստանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցելու է այդ օրակարգով, ինչը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի պետականությանը, որից պետք է հետևություն անեն նաև քաղաքական ուժերը։

Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին», Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից առաջ Հայաստանին խաղաղություն էին քարոզում։

«Եթե հիշում եք, մարդիկ կային, որոնք ասում էին, որ փամփուշտները պետք է ձուլել և զարդեր ստանալ։ Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց գերխաղաղասիրական մի բանաձև, համաձայն որի՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։ Սրա արդյունքում մենք ստացանք պատերազմ, կորուստներ»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Տեսանյութեր

Լրահոս