Կարեն Անդրեասյանը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ. նա շարժվում է վրեժխնդրության շարժառիթով․ Արման Թաթոյան
Ես, իհարկե, տեսել եմ այդ հարցազրույցը: Նախ տեսնենք՝ ինչ բառապաշարով է արդարադատության նախարարը խոսում իր հարցազրույցներում: Երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է խոսում: Անգամ ծանր վիրավորանքի հատկանիշներ կան:
Այս մասին իր 6-ամյա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն դիտարկմանը, թե դատավոր Բորիս Բախշիյանի հետ կապված իր հայտարարությամբ ՄԻՊ-ն օրենք է խախտել:
«Ասում է՝ օմբուդսմանն իրավունք չունի գնահատական տալ ընթացիկ դատական գործով, ու մի հատ էլ հղում է տալիս «Հայաստանի ՄԻՊ մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին (ինքը կետ է ասում, բայց մաս է. կետն ուրիշ բան է): Նախ՝ այդ օրենքը, որը իրականում գրվել է իմ անմիջական ղեկավարությամբ, իսկ այդ դրույթը, որին հղում է անում, ես եմ անձամբ ձևակերպել, կոչվում է՝ Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի միջամտել դատական վարույթին: Ընդամենը: Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ՝ այս հարցի հետ կապված: Բայց շատ լավ, քանի որ ռիսկ է արել, մտել է մասնագիտական դաշտ, ես հիմա կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը»,- Կարեն Անդրեասյանին օրենքի պահանջն է հիշեցնում Արման Թաթոյանը:
Վերջինս նշում է՝ արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, որ գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ. նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձ, ում անունը քննիչ է, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը:
«Դատական վարույթը սկսվում է այն ժամանակ, երբ քննիչը քննում է գործը, նախաքննությունն ավարտվում է, ուղարկվում է դատախազին, վերջինս մեղադրական եզրակացությունը հաստատում է, կարող է նաև հետ վերադարձնել, հետո ուղարկում է դատարան, եթե հաստատում է՝ դատարանն ընդունում է վարույթ, այդտեղ նոր սկսվում է դատական վարույթը»,- ասաց Պաշտպանը:
Արման Թաթոյանն այլ տեսանկյունից ևս մոտեցավ խնդրին՝ բա էդ արդարադատության նախարարն ինչպե՞ս էր նախորդ պաշտոնում գնահատական տալիս ընթացիկ դատական գործերի հետ կապված:
«Էդ զեկույցում, որ հրապարակել է, և որն իրականում կարևոր զեկույց է, և ես միշտ էլ ընդունել եմ այդ զեկույցը, քանի որ ինստիտուցիոնալ մոտեցում ունեմ, և ինձ համար անձերը կարևոր չեն, եթե դու տալիս ես գնահատականներ, բա դրանում չկա՞ն դատական գործեր, որոնք ընթացիկ են, և իր գնահատականները կարող էին ազդել… Կամ սա ի՞նչ քաղաքական ծառայություն է իրավապահ մարմիններին: Սրանով ըստ էության ինքն ասում է, որ նախաքննության փուլում գտնվող ցանկացած գործի հետ կապված՝ իրավապահ որևէ մարմին ՄԻՊ-ին կարող է ասել՝ դու իրավունք չունես գնահատական տալ, նախաքննության մեջ գտնվող դատական գործ է: Կարող է դեռ հասնել նրան, որ ասեն՝ իրավունք չունես կալանավորված անձին այցելել, որովհետև հանկարծ կարող է տվյալներ փոխանցել, որոնք վերաբերում են նախաքննությանը»,- ասաց Պաշտպանը:
Պետական անկախ կառույցի ղեկավարն ափսոսանք հայտնեց, որ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը կարող է սիրողական գնահատական տալ՝ առանց հայտարարություններին ծանոթանալու:
«Ես հատուկ ասել եմ՝ չեմ մտնում Բորիս Բախշիյանի գործով մեղադրանքի մեջ, որը նրան առաջադրված է»,- ասաց Արման Թաթոյանը:
Վերջինս հիշեցնում է, որ անդրադարձել է Վարչական դատարանի նախագահի կատարած ապօրինություններին՝ ՏԻՄ ընտրությունների հետ կապված:
«Բա ինչի՞ կատարողական վարույթներ չեն հարուցում: Ահազանգեր կան, որ Երևանի առաջին ատյանի դատարանում աշխատակազմի ղեկավարն ինքն էլ է անում մակագրություն: Բա սա ստուգման ենթակա տվյալ չէ՞: Արդարադատության նախարարին չի՞ հետաքրքրում այս վիճակը»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նաև որոշ միջազգային գործընկերների գնահատականն է, որ արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով:
Պաշտպանը տարօրինակ է համարում, որ արդարադատության նախարարը մտնում է իրավապաշտպանական տիրույթ, սակայն անտեսում է անձամբ իր ենթակայության տակ եղած ոլորտների խնդիրները:
«Այս տարի միայն քրեակատարողական հիմնարկներում, ավելի քիչ, քան մեկ ամսում 3 մարդ է մահացել՝ 2 ինքնասպանություն, մեկ հանկարծամահություն՝ համաձայն օֆիցիալ տվյալների: «Դատապարտյալների հիվանդանոցում», այդքան ես ասում եմ, ինչո՞ւ իրարից չեն առանձնացնում ինֆեկցիոն և հոգեբուժական բաժանմունքները: Անցյալ տարի դրա պատճառով մարդ սպանվեց»,- ասաց Արման Թաթոյանը:
Վերջինս հիշեցրեց՝ նամակ է գրել արդարադատության նախարարին՝ ասելով, որ պաշտոնյաներ կան, ովքեր զիջում են մեր տարածքային իրավազորությունը:
«Դրոշներ, ցուցանակներ կան, մեր քաղաքացիները հո դելիմիտացիայի մասնագետնե՞ր չեն, որ իմանան՝ որտեղ հատեն, որտեղ՝ չէ: Բա որ հատեցին, գնացին, բռնեցին ադրբեջանցիներն ու կալանավորեցին այդ հայտարարությունների արդյունքում, ո՞ր մեկը կկարողանա գնալ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները: Ռիսկ կունենա՞ս՝ կգնաս…»,- նկատեց Պաշտպանը:
Արման Թաթոյանը շեշտեց նաև՝ եթե արդարադատության նախարարը վստահ չէ իր հայտարարությունների մեջ կամ մանրամասն չի ուսումնասիրել ՄԻՊ ասելիքներն ու մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ:
Մանրամասները՝ տեսանյութում