Բաժիններ՝

Կառավարում ակցիա-ռեակցիա մեխանիզմով

Ձևավորվեցին բուհերի հոգաբարձուների խորհուրդները և ընտրվեցին խորհրդի նախագահները, քարտուղարները։ Փորձենք հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ ընտրվեցին խորհուրդների նախագահները։ Ի տարբերություն, 2018-2021թթ. խորհուրդների, այս անգամ 3 բուհերում խորհրդի նախագահներ դարձան ներկա և նախկին 3 փոխվարչապետներ։ Այսինքն՝ կառավարությունը 3 բուհերում ունի ավելի բարձր քաղաքական ներկայացվածություն, քան նախկինում։

Այդ բուհերն են ԵՊՀ-ն, Պոլիտեխնիկական համալսարանը և Բրյուսովի համալսարանը։ Ինչո՞ւ հենց այս 3 բուհերը։ Խոսելով ԵՊՀ-ի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց այն հանգամանքը, որ պատերազմից հետո որոշ բուհեր ակտիվացել են և քաղաքական, կուսակցական գործելակերպ են դրսևորել։ Օրինակ՝ ԵՊՀ-ն գիտխորհրդի որոշման մակարդակով պահանջեց իշխանությունների հրաժարականը։

Ինչպես ասվում է ֆրանսիական ֆիլմերից մեկում՝ ակցիա-ռեակցիա։ Այսինքն՝ ԵՊՀ գիտխորհուրդը հրաժարականի ակցիա արեց, և որպես ռեակցիա՝ նախկին փոխվարչապետ, ներկա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ավելին, ԵՊՀ-ն դարձավ միակ բուհը, որի խորհրդի քարտուղարի պաշտոնը չվստահեցին բուհի աշխատակցին։ Բրյուսովի համալսարանը ևս ակցիա էր արել պատերազմից հետո։ Բուհի շուրջ 130 դասախոսներ (այդ թվում՝ դեկաններ և ամբիոնի վարիչներ) պահանջել էին իշխանության հրաժարականը։  Եվ որպես ռեակցիա՝ բուհի խորհրդի նախագահ դարձավ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի պարագայում խնդիրն ավելի լուրջ է։ Այստեղ ռեկտորի ընտրությունների ժամանակ հաղթել էր բուհի ներսի թեկնածուն, ինչը նախարարության «սրտով» չէր։ Այստեղ էլ ռեակցիան եղավ այն, որ խորհրդի նախագահ դարձավ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի շուրջ 120 դասախոսներ նույնպես պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում այս ինստիտուտը և Գեղարվեստի ակադեմիան կմիավորվեն։ Նախկինում այս երկու բուհերին միացած էր նաև Կոնսերվատորիան։ Բայց այս անգամ, հավանաբար, Կոնսերվատորիան առանձին կմնա։

Վանաձորի պետական համալսարանում և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում փոքրաթիվ դասախոսներ էին պահանջել վարչապետի հրաժարականը։ Հետևաբար՝ այս բուհերում մեծ վտանգ չկա։ Ամեն դեպքում, այս բուհերում խորհրդի նախագահներ դարձան ԿԳՄՍ փոխնախարարները։

Մնացած բուհերը պատերազմից հետո իրենց չեզոք են պահել։ Արդյունքում՝ այդ բուհերում խորհրդի նախագահները հիմնականում ոլորտի հետ կապված մարդիկ են։ Օրինակ՝ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ, Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ նույն համալսարանի խորհրդի նախագահ, և այլն։ Այս օրինակներն իշխանությանը պետք են։ Եթե որևէ մեկն ասի, որ բուհերի խորհուրդները քաղաքականացվել են, ապա իշխանությունները կբերեն գիտնականներ Էդուարդ Ղազարյանի և Արտուշ Ղուկասյանի օրինակները։

Կառավարության գործելակերպը ցույց է տալիս, որ այս պահին հիմնական խնդիրը բուհերը կառավարելի վիճակում պահելն է։ Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին բուհերի ՔՊ-ականացում չի արվելու։ Գերխնդիրն այն է, որ եթե առաջիկայում լինեն որոշակի ցնցումներ, բուհերը անհնազանդություն չդրսևորեն։ Դասախոսներն անհատապես կարող են քննադատել, կարծիք հայտնել, բայց կարևոր է, որ նրանք չմիանան ընդդեմ կառավարության, չլինեն գիտխորհրդի հայտարարություններ, ստորագրահավաքներ։

Իհարկե, իրավիճակը կարող է փոխվել։ Ներկա իշխանությունները Հայաստանը կառավարում են ոչ թե՝ սկզբունքների, արժեքների վրա հիմնվելով, այլ՝ ըստ իրավիճակի։ Հասկանալի է, որ իշխանության հեղինակությունն էապես նվազել է։ Չի բացառվում, որ ստեղծվի իրավիճակ, երբ փորձ արվի նորից բուհերում մեծացնել իշխող ուժի ազդեցությունը։ Փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ մեծ թվով մարդիկ կան, որոնց համար բացարձակապես կարևոր չէ, թե ով է իշխում մեր երկրում։ Հանրապետականների իշխանության բարիքներից օգտված բազմաթիվ մարդիկ այսօր իրենց պահում են այնպես, կարծես իրենք մանկուց եղել են Քաղաքացիական պայմանագրի կողմնակիցներ։ Հենց այս մարդիկ էլ կարող են լինել ներկա իշխանությունների հենարանը բուհերում։

Ի դեպ, բուհերի նոր խորհուրդներում անբավարար է գործատուների, գործարարների, կրթության, գիտության ոլորտի մասնագետների ներկայացվածությունը։ Կառավարության և նախարարության ներկայացուցիչները հիմնականում պետական հիմնարկների պաշտոնյաներ են։

Իսկ ռեկտորների ընտրությունը, ըստ էության, նորից կրում է ձևական բնույթ։ Վերջին ամիսներին կայացած բոլոր ընտրություններում առաջադրվում է մեկ թեկնածու։ Սա նշանակում է, որ մարդիկ անիմաստ են համարում դիմել՝ գործընթացի կանխորոշված լինելու պատճառով։ Ինչքան լավ կլիներ, եթե խորհրդի բոլոր անդամներն ունենային խղճի մտոք քվեարկելու ազատություն։ Ասպարեզ կգային հետաքրքիր թեկնածուներ, կլիներ ծրագրերի մրցակցություն, հետաքրքիր բանավեճեր կծավալվեին։

Այս ամիս վերջապես կկայանա Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Այս բուհը շուրջ 4 տարի ռեկտոր չունի։ Աննախադեպ իրավիճակ  համալսարանների պատմության մեջ։ Այստեղ էլ, կարծեք, ամեն ինչ կանխորոշված է։ Առաջադրվել է մեկ թեկնածու՝ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, որն էլ, ըստ ամենայնի, կդառնա համալսարանի ռեկտոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս