Բաժիններ՝

Արցախում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

«Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս