«Սա պատերազմից հետո երրորդ զորակոչն ու զորացրումն է, որ Արցախի Պաշտպանության բանակը միայն զորացրում է և չի համալրում իր շարքերը». Էդգար Ղազարյան
«Այլ ուժային կառույցների տարեդարձն այս իշխանություններն այլ կերպ են նշում: Օրինակ, ոստիկանության օրը: Նիկոլ Փաշինյանն անձամբ գնում է ոստիկանության ստորաբաժանումներ, պարգևատրում է աշխատողներին, շուք հաղորդում այդ միջոցառմանը, որովհետև իրեն ոստիկանությունն է հետաքրքիր, ոչ թե բանակը»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկելուն:
Էդգար Ղազարյանը նկատեց նաև, որ ուժային կառույցների ղեկավարները նույնպես ուղերձ չեն հղել բանակի օրվա առթիվ, և, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարն ուղերձ չհղեց, մինչդեռ այլ միջոցառումների ժամանակ նստում է նախագահությունում:
«Անգամ սահմանամերձ համայնքներում որևէ միջոցառում չկատարվեց: Ակնհայտ է, որ եղել է կազմակերպված հրահանգ բանակի տոնը որևէ կերպ չնշելու վերաբերյալ, որպեսզի նսեմացվի մեր բանակի տեղը մեր կյանքում»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ պատերազմում պարտության մեղավորը մեր բանակը չէ, ընդհակառակը, բանակը խափանել է Նիկոլ Փաշինյանի ծրագրերը:
«Ինքը հոկտեմբերի 5-ին գնաց Ստեփանակերտ և վերադարձավ: Դրանից հետո մեր բանակը սկսեց իր պարտվողական գործողությունները, ձախողված օպերացիան, որի հրամանատարին հիմա տվել է Ազգային հերոս ու նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ամբողջ ռազմաճակատի երկայնքով, Քարվաճառից մինչև Մեղրի, մեր բանակը պատշաճ դիմադրություն է ցույց տվել»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Վերջինս նաև նշեց, որ այսօր՝ հունվարի 31-ին, ավարտվում է ձմեռային զորակոչը, և սա պատերազմից հետո երրորդ զորակոչն ու զորացրումն է, որ Արցախի պաշտպանության բանակը միայն զորացրում է և չի համալրում իր շարքերը:
«Նիկոլ Փաշինյանը ճակատագրական պարգև է ադրբեջանցիների համար: Նրանք նման երևակայություն չէին կարող ունենալ, որ այսպես քանդեին Պաշտպանության բանակը, և հիմա փաստորեն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելուն, Էդգար Ղազարյանը գտնում է՝ խորհրդարանական ընդդիմությունն անպայման դա պետք է անի:
Ըստ նրա՝ նախագահի թեկնածուն մեկ ժամ ունի ելույթի համար, և այդ հնարավորությունից չօգտվելը, դրան հետևող հարցուպատասխանին չմասնակցելն աններելի է:
«Եթե անգամ չկա շանս, որ ընդդիմության թեկնածուն ընտրվի, դա չպետք է թուլացնի նրանց: Սա պայքարի ձևերից մեկն է: Պայքարի դաշտը չպետք է դատարկ թողնել ու իշխանության համար կոմֆորտ վիճակ ստեղծել: Հանրությանը հուզող բոլոր խնդիրները (ԱԺ) ամբիոնից չներկայացնելը աններելի կլինի»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:
Էդգար Ղազարյան նաև շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հակահայկական բանաձևին դեմ քվեարկելու համար, ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ 324 պատվիրակներից ընդամենը 50-ն է կողմ քվեարկել այս բանաձևին, իսկ Ռուսաստանի Դաշնության 14 պատվիրակները, մասնակցելով քվեարկությանը, ձեռնպահ են քվեարկել «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման» վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին, ինչը նույնպես խոսուն փաստ է:
«Կարող էին ընդհանրապես չմասնակցել, բայց մասնակցել ու ձեռնպահ են քվեարկել»,- ասաց Էդգար Ղազարյանը: