Բաժիններ՝

Փաստացի ոչ թե՝ ԱՊՊԱ, այլ՝ բարձր տոկոսով վարկ. Վարորդները՝ ԱՊՊԱ-ն թանկացնելու մասին

Վարորդների շրջանում խոսակցություն է տարածվել այն մասին, որ ապահովագրական ծառայության սակագինը փետրվարի 7-ից բարձրանալու է 3000 դրամով:

Փոփոխություններ են սպասվում ԱՊՊԱ ոլորտում.
«01/11/2017 -31/12/2021 միջակայքում ԱՊՊԱ չկնքած կամ հիմա առաջին անգամ ԱՊՊԱ կնքելիս ԱՊՊԱ-ի ստանդարտ արժեքը կլինի 41 հազար դրամ, անկախ ձիաուժից, եթե քո պատճառով հատուցվել է
1. 0-100.000 դրամ, ապա դասը կբարձրանա 3 դասով
2. 100.000-200.000 դրամ՝ դասը կբարձրանա 4 դասով
3. 200.000-500.000 դրամ՝ դասը կբարձրանա 5 դասով
4. 500.000-1.000.000 դրամ՝ դասը կբարձրանա 6 դասով
5. 1.000.000-1.800.000 դրամ՝ դասը կբարձրանա 7 դասով
6. 1.800.000 դրամից ավել՝ 8 դասով, որը կհասնի մինչև 300 % թանկացման, իսկ վթար չունեցողների համար կթանկանա ընդամենը տարեկան 3000 դրամ, որի վրա կկիրառվի նաև ընթացիկ զեղչը»։

Վարորդների իրավունքների պաշտպանների խոսքով՝ նոր կարգավորումները տարածվելու են 2022թ. հունվարի 1-ին և դրանից հետո տեղի ունեցած պատահարների վրա:

Վերոհիշյալից բխում է, որ հունվարի 1-ին և դրանից հետո տեղի ունեցած միևնույն պատահարը մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելը կնքված ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի հաշվարկում կունենան մի ազդեցություն, մասնավորապես՝ անձի ԲՄ դասը կբարձացնեն 4 դասով՝ անկախ հատուցվող գումարի չափից, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո կնքվող ԱՊՊԱ պայմանագրերում այլ ազդեցություն՝ մասնավորապես անձի ԲՄ դասը կբարձրանա 3-8 դասով՝ կախված հատուցվող գումարի չափից:

Նման մոտեցումը տեխնիկական լուծումների հետ կապված դժվարություններ է առաջացնելու, ինչպես նաև կարող է սպառողների մոտ դժգոհությունների առաջացման պատճառ հանդիսանալ: Նրանց համար անհասկանալի է, թե ինչու է նոր պատահարների բացակայության պայմաններում իրենց ԲՄ դասը բարձրացել նախորդ պայմանագրի կնքումից հետո:

«Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդից թաքուն 3000 դրամով թանկացնում են ու որոշակի բալային համակարգ են փոխում, սակայն դրա փոխարեն ոչինչ չեն անում: Վթար չունենալով հանդերձ՝ իմ ԱՊՊԱ-ի դասը ոչ միայն չի նվազում, այլև աճում է: Փաստացի կրկնակի կորուստ, իսկ վթարի դեպքում, ինչպես հասկանում եմ՝ այդ գումարը ես եմ վճարելու, ուղղակի մի քանի տարում։ Փաստացի ոչ թե՝ ԱՊՊԱ, այլ՝ բարձր տոկոսով վարկ է»,- սոցիալական ցանցում քննարկման ժամանակ գրել է վարորդներից մեկը:

Վարորդների խոսքով՝ այս փոփոխության բացասական կետերից մեկն այն կլինի, որ մարդիկ կխուսափեն ԱՊՊԱ ծառայությունից, ու վիճաբանություններ կլինեն՝ մեղավոր փնտրելու հարցում:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ թանկացում լինելու է, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին, իսկ «Ինգո Արմենիայից» էլ նշեցին, որ հարցին դեռևս չեն կարող հստակ պատասխանել:

Նշենք, որ ԱՊՊԱ ծառայությունը թանկանալու է Հայաստանի ավտոապահովագրական բյուրոյի որոշմամբ, որն անկախ ֆինանսական կառույց է, սակայն գտնվում է Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս