Հայաստանը դրա դիմաց շատ բան կարող էր ուզել, բայց արագ վազեց-ասեց՝ մենք Պուտինից ավելի կրեմլամետ ենք. Դանիել Իոաննիսյան
«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն ինչ-որ կերպ համոզել է Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանի բոլոր ողբերգությունները նրանից են, որ Սերժ Սարգսյանը մեկ-մեկ գցում էր Վլադիմիր Պուտինին. ինչ-որ բան խոստանում էր և չէր անում, և որպեսզի Մոսկվան դադարի Երևանի համար պրոբլեմներ ստեղծել, պետք է Երևանն առավելագույնս ազնիվ լինի և առավելագույնս պառկի Մոսկվայի տակ»,- «Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա ենթադրում է, որ Հայաստանն այլ ընտրություն չուներ, իրավապաշտպանը վստահեցրեց՝ Հայաստանն ուներ բազմաթիվ ընտրություններ, որոնցից մեկը նաև ուշ արձագանքելն էր․ «Ինչպես Հայաստանի նկատմամբ ամիսներ առաջ իրոք եղավ օտարերկրյա ներխուժում․ երրորդ երկրի զինված ուժերը ներխուժեցին ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածք, մինչև հիմա մեր տարածքում են։ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը մեկուկես ամիս հետո ասեց՝ ոչ մի լուրջ բան չկա։ Ինձ թվում է՝ դրա ֆոնին Հայաստանն էլ, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է բավականին ուշացներ արձագանքը, ասեր՝ ի՞նչ կտաք ինձ նրա դիմաց, որ արձագանքն արագ լինի։
Հայաստանը դրա դիմաց կարող էր շատ բան ստանալ, կարող էր ասել՝ ես ուղարկում եմ իմ խաղաղապահ ուժերը, բայց դուք էլ պետք է գաք Սոթք-Խոզնավար հարցին լուծում տաք, և ոչ թե որպես չեզոք կողմ ասեք՝ դեմարկացիա արեք, կամ կողմերին խաղաղության կոչեր արեք, այլ որպես մեր դաշնակից՝ եկեք ու ասեք, որ դուք այստեղ մեր դաշնակիցն եք։
Շատ բան կարող էր Հայաստանը դրա դիմաց ուզել, բայց Հայաստանն այնքան արագ իր նախաձեռնությամբ վազեց ասեց՝ այո, մենք Պուտինից ավելի կրեմլամետ ենք, որ դրա դիմաց, բնականաբար, ոչինչ չստացավ»։
Անդրադառնալով հայ զինառայողների՝ Ղազախստան մեկնելու հանգամանքին՝ Դանիել Իոաննիսյանն ուշադրություն հրավիրեց Ղազախստանում ապրող հայ համայնքի անվտանգային խնդիրներին, աշխարհի այլ կենտրոններից հնարավոր արձագանքներին։
«Իսկ մենք Ղազախստանում ապրող մեր Սփյուռքի մասին մտածե՞լ ենք, իսկ մենք հասկանո՞ւմ ենք, որ մեր զորքերն այնտեղ կգնան-կգան ինչ-որ պահի (հուսով ենք, որ բոլորը բարեհաջող հետ կգան), իսկ Սփյուռքը մնալու է և այդ հասարակության մեջ ապրելու է: Մենք մտածո՞ւմ ենք մեր Սփյուռքի անվտանգության մասին, երբ այսպիսի բաներ ենք անում։
Մենք մտածո՞ւմ ենք, թե աշխարհի այլ կենտրոններն ի՞նչ ռեակցիա են տալու, ինչպիսի՞ վերաբերմունք է դրսևորվելու, մենք մտածում ե՞նք՝ դրա դիմաց մեր դաշնակից կոչվողներից ի՞նչ ենք ստանալու,- ասաց նա՝ նկատելով, որ այդ գնահատումները չեն իրականացվել՝ ինչպես և այն դեպքում, թե ինչ ստացանք Սիրիա սահմանափակ զորախումբ ուղարկելուց,- Երբ Սիրիայում վարձկաններ էին հավաքագրվում Արցախի վրա հարձակվելու նպատակով, արդեն ակնհայտ է, որ Սիրիայի հատուկ ծառայությունները դրա մասին գիտեին և այդ հետախուզական տվյալներով մեզ հետ չէին կիսվել, թեև մենք իրենց աջակցող զորախումբ էինք ուղարկել։
Սիրիայիում աշխարհից մեկուսացված Ասադին աջակցեցինք, Բելառուսում աշխարհից մեկուսացված Լուկաշենկոյին բոլորից առաջ ընկանք շնորհավորեցինք, և հպարտ էինք, որ Ալիևից շուտ շնորհավորեցինք՝ ի՞նչ ստացանք մենք դրա դիմաց, և նույնը կլինի Ղազախստանում և գուցե ավելի վատ։ Մասնավորապես՝ կլինի այն, որ որևիցե դրական վերաբերմունքի փոփոխություն ֆորմալ դաշնակիցների կողմից չի լինելու, փոխարենը՝ էլ ավելի ենք մեկուսանալու աշխարհից, ևս մեկ անգամ ցույց ենք տալու, որ մենք աշխարհից մեկուսացած բռնապետներին աջակցող ենք։
Մենք մեր զորքերին ուղարկում ենք աջակցելու մի ռեժիմի, որը երկու ամիս առաջ շնորհավորել է Ալիևին Արցախյան պատերազմի հաղթանակում»։