«Որևէ հարցի չեմ կարող պատասխանել, սա իմ անձնական որոշումն է». Շավարշ Քոչարյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ  ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ Թուրքիայի բանագնաց է նշանակվել Սերդար Քըլըչը, ով 1984 թվականից աշխատում է Թուրքիայի  արտգործնախարարությունում։

Այսօր էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումը։ Այս մասին հայկական կողմից որևէ մեկնաբանություն չկա։

Հարկ է հիշեցնել, որ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի։

«Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի: Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն՝ Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»,- ասել էր նա։

168.amՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանից փորձեց պարզել, թե ի՞նչ կարծիք ունի հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ սկսված գործընթացի վերաբերյալ։

«Ես մամուլի հետ չեմ խոսում, որևէ հարցի չեմ կարող պատասխանել, կներեք»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր լռությունը, քանի որ հրաժարականից մեկ տարի անց որևէ հարցի չի պատասխանել, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Սա իմ անձնական որոշումն է, չեմ կարող որևէ հարց մեկնաբանել»։

Հիշեցնենք, որ Շավարշ Քոչարյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, սակայն ԱԳՆ-ից օրեր շարունակ հավաստիացնում էին, որ վերջինս շարունակում է պաշտոնավարել, մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում ստորագրեց Շավարշ Քոչարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Իսկ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 16-ին՝ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս