Երկու տարի բացակայելուց հետո մեծ շուքով հետ է գալիս գրիպի «Ա» տեսակը. Համաճարակաբանը՝ այն կանխարգելելու և բուժման մասին
Հայաստանում գրիպի «Ա» տեսակի H3 ենթատեսակի վարակիչ վիրուսի դեպքեր են արձանագրվում:
Բժիշկ ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառանալով տարածված վիրուսին՝ գրել է. «Արդեն երևի 3 շաբաթ է՝ կորոնավիրուսը չի երևում։ Դեպքեր կան, բայց շատ քիչ։ Չեմ պնդի՝ ինչի հետ է կապված, բայց համընկավ պատվաստման թվի աճի հետ։ Դրան զուգահեռ, բայց, ավելացել են սեզոնային գրիպի դեպքերը, հիմնականում գրիպ «Ա»-ն, որը երկու տարի բացակայելուց հետո մեծ շուքով հետ է գալիս։ Մեծ հաշվով, բուժման առումով տարբերություն չկա` ախտանիշային բուժում պիտի իրականացվի պլյուս տամիֆլյուն, որը կարելի տալ միայն լաբորատոր հաստատման դեպքում»։
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանից փորձեցինք պարզել, թե Ա տեսակի H3 ենթատեսակի վարակիչ վիրուսն ինչպե՞ս պետք է բուժել և ինչպե՞ս խուսափել վարակից:
«Գրիպն ընդհանրապես լինում է երեք տեսակի՝ «Ա», «Բ», «Ց»: «Ա»-ն պանդեմիկ գրիպն է, այսինքն, ավելի արագ տարածվող տեսակը, որը, ըստ ֆերմենտների, լինում է N և H: Որ ասում ենք՝ H1N1, վիրուսի մեջ երկու ֆերմենտի հաջորդականությունն է նշանակում: Սա սեզոնային, ամեն տարի տարածվող գրիպի հերթական համաճարակը կարելի է համարել, որովհետև բավականին ինտենսիվ է տարածվում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Հարցին, արդյոք այն նույն «խոզի գրիպը» չէ՞, համաճարակաբանը պատասխանեց, որ շտամի իդենտիֆիկացիա, որքանով տեղյակ է՝ չի արվել:
«Խոզի գրիպի հետ նմանություն կա, քանի որ պատկանում են գրիպի «Ա» շտամին, այսինքն՝ արագ տարածվող պանդեմիկ շտամն է, իսկ շտամի իդենտիֆիկացիան H1N1 կամ H1N2-ն է, որը նույնպես այս սեզոնին տարածված է: Երկուսն էլ ներառված են վակցինայում, այսինքն՝ գրիպի դեմ պատվաստվածներն ապահով են երկու շտամի նկատմամբ»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Խոսելով բուժման մասին՝ համաճարակաբանը նշեց, որ լաբորատոր հետազոտությամբ կամ կլինիկական նշաններից և համաճարակաբանական անամնեզը հաշվի առնելով՝ կարող են բժշկի կողմից նշանակված հակավիրուսային դեղ ընդունել:
Նրա փոխանցմամբ՝ վարակվելու առումով ռիսկի խմբում են թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողները, հղիները:
«Գրիպի դեմ միշտ պատվաստում ենք: Ամեն տարի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ռիսկի խմբում գտնվողները պետք է պատվաստվեն գրիպի դեմ: Ով մեկ անգամ պատվաստվել է՝ երկորդ անգամ ևս գալիս է, որովհետև գիտի դրա արդյունավետության մասին»,- եզրափակեց համաճարակաբանը:
Հավելենք, որ սեզոնային գրիպը վարակիչ շնչառական հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսն է: Սա նույնը չէ, ինչ սովորական մրսածությունը: Գրիպը բնորոշվում է տենդի, հազի (սովորաբար չոր), գլխացավի, մկանների և հոդերի ցավի, ուժեղ տկարության (վատ ինքնազգացողության) հանկարծակի գրոհով, կոկորդի բորբոքումով և «հոսող քթով»: Հազը կարող է լինել ծանր և տևել 2 կամ ավելի շաբաթ: Գրիպը չի կարելի բուժել հակաբիոտիկներով: Գրիպի ծանր դեպքերը հնարավոր է բուժել հակավիրուսային միջոցներով՝ բժշկի հսկողությամբ: Ամբողջ աշխարհում սեզոնային գրիպի հետ կապված շնչառական հիվանդություններից տարեկան մահանում է 650,000 մարդ, որոնցից 72,000-ը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում: Յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ ԱՀԿ-ն հորդորում է, որ ազգաբնակչության որոշակի խմբեր պատվաստվեն գրիպի դեմ: Սա վերաբերում է հետևյալ խմբերին՝ հղի կանայք, սրտային, թոքային խրոնիկ հիվանդություններ, մետաբոլիկ կամ երիկամային հիվանդություն, լյարդի խրոնիկ հիվանդություն, խրոնիկ նյարդաբանական վիճակներ կամ իմունային անբավարարություն ունեցող անձինք, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք՝ անկախ ռիսկի այլ գործոններից, տարեց և հաշմանդամ անձանց համար նախատեսված խնամքի հաստատությունների բնակիչներ, 6-59 ամսական երեխաներ և առողջապահության ոլորտի աշխատակիցներ, ներառյալ նրանք, ովքեր խնամում են ծերերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց:
Գրիպը կանխարգելելու կամ դրա հետևանքով ծանր հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազագույնի հասցնելու լավագույն տարբերակը պատվաստումն է: Ի հավելումն պատվաստման՝ պետք է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն Ձեզ պաշտպանվել գրիպից: Դրանք են՝ ձեռքերը կանոնավոր լվանալ և չորացնել ինչպես հարկն է, պահպանել պատշաճ շնչառական հիգիենա (հազալիս կամ փռշտալիս բերանը կամ քիթը ծածկել, օգտվել թղթե անձեռոցիկներից և դրանցից ազատվել ճիշտ եղանակով), վաղ մեկուսանալ՝ վատ զգալու կամ տենդի նշաններ ունենալուն պես կամ գրիպի այլ ախտանշանների առկայության դեպքում, խուսափել հիվանդ անձանց հետ անմիջական շփումից, խուսափել աչքերին, քթին կամ բերանին դիպչելուց: