Իշխող խմբակցության առանցքն է՝ «Հանձնենք ամեն ինչ, բացի սեփական աթոռներից» տրամաբանությունը. Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, թե նկատվում է ղարաբաղյան հիմնահարցը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից ամբողջությամբ զատելու միտում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք հայտարարության կամ փաստաթղթի մեջ։

«Խնդիրը հետևյալն է՝ համաշխարհային պրակտիկան՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի, հուշում է հետևյալը՝ երկրներն այդ գործընթացին անցնում են, երբ ունեն 0 խնդիր, պարզ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 0 խնդրի կարգավիճակում չեն, ուստի այդ փաստաթղթի մեջ խիստ կարևոր է, որ հիշատակվի, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծումը շարունակում է մնալ Մինսկի խմբի տիրույթում, որը միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է այդ խնդրի քննարկման և բանակցությունների, և լուծվելու է 3 հիմնարար սկզբունքների հիման վրա, այնպես, ինչպես մենք ժամանակին կարողացել ենք անել Սեպայի կնքման ժամանակ․․․

Այն բոլոր մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ վտանգներով է հղի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում ղարաբաղյան հիմնահարցի առհասարակ չհիշատակումը, կամ նաիվ են և որևէ պատկերացում չունեն միջազգային հարաբերություններից, կամ Հայաստանի Հանրապետության թշնամիներն են, որովհետև հետագայում այդ չհիշատակումը հղի է մեծագույն խնդիրներով, դա դառնալու է մատի փաթաթան թշնամիների համար և ցանկացած բանակցային գործընթացի ժամանակ ասելու են՝ դուք փաստաթուղթ եք ստորագրել, որի ժամանակ որևէ կարևորություն չեք տվել ղարաբաղյան հիմնահարցին, ուստի ղարաբաղյան հիմնահարց չկա, իրենց սիրած թեզը․․․»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ արդյոք նման ցանկություն տեսնո՞ւմ են իշխանության ներկայացուցիչների մոտ, Մամիջանյանը պատասխանեց․

«Քանի որ քաղաքական էթիկան ինձ թույլ չի տալիս փակ հանդիպումների ժամանակ իրենց որոշ երեսփոխանների արած հայտարարությունները հասցեական բարձրաձայնեմ․ ո՛չ, ես տեսնում եմ, անուններ չեմ տալիս, որ իրենց այն երեսփոխանները, որոնք ներգրավված են արտաքին քաղաքական գործընթացներում, համարում են, որ այս 2 գործընթացները պետք է իրականացվեն միմյանցից բացարձակ զատված, և մեր բոլոր կոչերը, հորդորները, բացատրությունները անիմաստ են անցնում իրենց պարագայում։ Ուստի ևս մեկ անգամ առանց անուններ տալու ասեմ, ես տեսնում եմ, որ իշխող խունտան հակված է սահմանազատման և սահմանագծման գործընթացը զատել ղարաբաղյան հիմնախնդրից, որը հետագայում հղի է շատ լուրջ միջազգային խնդիրներով․․․»։

Տեսանյութեր

Լրահոս