Ում համար է հեռացվում Հայկ Մարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած արշավն ունի խորքային պատճառներ և արտահայտում է նրա իշխանության դեգրադացվող բնույթն ու ավտորիտարացման գործընթացը։

Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ստեղծում է մեկ՝ սեփական անձի իշխանություն, և պատրաստ է վերացնել այդ ճանապարհին առաջացած ցանկացած խոչընդոտ՝ կլինի դա Կարգին Հայկոն թե անկարգ Սուրենը։

Եվ Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ նա հերթական քարն է դնում իր իշխանության մոնոլիտի կառուցման գործընթացում։ Ընդ որում, սա ոչ թե հատվածական քայլ է, այլ ընդգրկուն գործընթացի մի մասը, իսկ գործընթացն այդ պայմանականորեն կարելի է անվանել իշխանության բոլոր թևերի ու մարմինների հպատակեցում։

Նիկոլ Փաշինյանն ունի խամաճիկների կառավարություն, գործադիր իշխանությունն ամբողջությամբ կազմված է ինքնուրույնությունից զուրկ, սեփական տեսակետից զուրկ ու անդեմ նախարարներից։ Իշխանության մյուս թևը՝ օրենսդիրը, գրեթե ամբողջությամբ իր հպատակության ներքո է․ ուսապարկերը պատրաստ են կողմ քվեարկել անգամ սեփական ազգանունը կամ սեռը փոխարինելու մասին որոշմանը, եթե այդպես կամենա Նիկոլ Փաշինյանը։

Իշխանության երրորդ թևում՝ դատական համակարգում, ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ինքնուրույն դատավորներից ազատվելու, անկախ դատավորներին կա՛մ հնազանդեցնելու, կա՛մ համակարգից հեռացնելու ուղղությամբ։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ողջ իշխանական համակարգը սեփականաշնորհելու գործով, և հիմա հերթը Երևանի քաղաքապետարանինն է։

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Մարությանին, ապա նա հիմա ամենայն հավանականությամբ լայն ժպիտով հետևում է իր անձի հերոսացման կլոունադային։ Նաև այն պատճառով, որ հերոսացմամբ նաև զբաղված են որոշ գործիչներ, ում 2018-ին հենց Հայկ Մարությանն անվանել է «սևեր»։

Հերոսացման այս արշավը ոչ միայն ծիծաղելի է, այլև հակաքաղաքական․ իրականում Հայկոյին պաշտպանողները պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ Մարությանը՝ որքան էլ որպես դերասան ուներ անձնական հեղինակություն ու երկրպագուներ, այդուհանդերձ Երևանի քաղաքապետ է դարձել Նիկոլ Փաշինյանի շվաքի շնորհիվ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատում է իր շվաքին, բայց բոլոր հականիկոլականները կուրծք են ծեծում այդ շվաքի պաշտպանության համար։ Այն դեպքում, երբ խնդիրը ոչ թե անձնային է, այլ խիստ համակարգային, ինստիտուցիոնալ և վերաբերում է իշխանության բնույթի փոփոխությանը, արագ տեմպերով ավտորիտարացմանը։

Բայց քանի որ ավտորիտարիզմի դեմ պայքարելը շատ ավելի դժվար է ու երկար ժամանակ է պահանջում, պայքարողները գերադասում են պայքարել երևույթի միայն առանձին՝ անուն-ազգանուն ունեցող դրսևորման դեմ։ Մյուս կողմից, չպետք է ամբողջությամբ բացառել, որ այս կլոունադան իրականում շատ ավելի հեռահար նպատակներ ունի և Նիկոլ Փաշինյանի երկարաժամկետ ծրագրի մասն է։ Բանն այն է, որ 2023թ․ տեղի են ունենալու Երևանի ավագանու հերթական ընտրություններ, որոնցում գործող իշխանության հաղթելու շանսերը շատ փոքր են, եթե չասենք՝ զրոյական։

Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին կարող է պետք գալ մեկը, ով ֆորմալ առումով ասոցիացված չլինի իշխանության հետ, բայց ունենա բարձր վարկանիշ և դառնալով Երևանի քաղաքապետ՝ ձևականորեն անկախ կարգավիճակում ծառայի իրեն։

Իսկ ի՞նչ, եթե Հայկ Մարությանը հիմա պաշտոնից ազատվում է հենց այդ նպատակով։ Դերասանները, որպես կանոն, չեն հրաժարվում լավ առաջարկներից, հատկապես, եթե սյուժեն իր մեջ ինտրիգներ է պարունակում։

Ավելի հավանական է, որ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացումը պայմանավորված է իշխանության խիստ որոշակի շրջանակներին, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ դառնալու վաղեմի երազանք ունեցող Խաչատուր Սուքիասյանին Երևանի քաղաքապետ դարձնելու ցանկությամբ։ Հատկապես, որ կան տեղեկություններ վերջինիս կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ ինտենսիվ քայլեր կատարելու մասին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս