Շատ բարձրաստիճան պաշտոնյա Փաշինյանի զգուշացումը գեներալիտետին

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ կապված 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթման հետ, որի հետևանքով հայկական կողմը զոհեր և գերիներ ունեցավ: Մասնավորապես, պատգամավորը հիշեցրել է, որ նախքան այդ միջադեպը, նշված գյուղերը գտնվում էին հայկական վերահսկողության ներքո և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում դրանք քննարկման առարկա չէին:

«Այստեղ նախ կարևոր է հասկանանք, դուք՝ Կառավարությունը, ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարությունից դուրս, որպես քայլ, թե՞, օրինակ, դուք համարում եք, որ դա տեղավորվում էր նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում»,- շարունակել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ փորձ է արվում հիմնական պատասխանատվությունն այդ մարտական գործողություններում այդքան էլ մեծ դերակատարություն չունեցող անձանց վրա բարդել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե սխալ տպավորություն է, այս թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է:

«Ամենևին խնդիր չկա թեման իջեցնել, որովհետև վախենամ՝ թեման առնչվում է շատ բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունե՛մ, երբևէ չե՛մ ունեցել և, համոզված եղեք, երբևէ չեմ ունենա, բայց ես չէի ուզենա, որ այդ հարցերը շատ նեղ կոնտեքստում տեղավորվեն, այդտեղ շատ ավելի լայն կոնտեքստների հարց կա, բայց ոչինչ գաղտնի չի մնա, ամեն ինչ կիմացվի, և բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան իրենց պատասխանները»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու, այդպիսով, 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որի պաշտպանն է Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակել է շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ, որոնք ասես մեկ անձի կողմից գրված լինեին: Սա, ըստ էության, քննարկման այլ թեմա է, և ավելի ուշ պարզ կդառնա՝ արդյոք պատահակա՞ն էր ցուցմունքների հրապարակայնացման ժամանակն ընտրվել, ինչո՞ւ դա արվեց, ի՞նչ նպատակ է հետապնդում: Իսկ մինչ այդ անդրադառնանք Փաշինյանի հայտարարությանը:

Առաջին, եթե Նիկոլ Փաշինյանն իր անանուն հայտարարության տողատակում «բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաներ» ասելով, օրինակ, նկատի ուներ ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, հիշեցնենք, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար էր Վաղարշակ Հարությունյանը, որի ձեռքով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվեց Ադրբեջանին: 

Երկրորդ, պատերազմ հայտարարվելու դեպքում, ՀՀ վարչապետը՝ որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ: 

Այլ հարց է, որ Հայաստանում ոչ թե պատերազմ էր հայտարարվել, այլ ռազմական դրություն: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել էր գերագույն հրամանատար, որը բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ սպառնալից իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացում:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ինքն է տվել: Այսինքն, այդ ժամանակ Փաշինյանը իրեն վերապահել է շատ բարձրաստիճան պաշտոնյա և հրամայել զորքին միակողմանի հետ քաշվել կամ նահանջել:

Ըստ այդմ, Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման մեջ առաջինը Նիկոլ Փաշինյանը հենց ինքն իրեն պիտի մեղադրի, ի վերջո, դա տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, և Փաշինյանը շատ լավ պիտի իմանար՝ որ հատվածն է ՀՀ վերահսկողության տակ և ինչ պայմաններում:

Չորրորդ, մեկ տարի առաջ՝ 2020-ի դեկտեմբերի 13-ին կայացած Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր.

«Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում, և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել»:

Նույն միտքը կրկնել էր 1 օր հետո՝ ժողովրդին ուղղված ուղերձում:

Այսինքն, այստեղ, ըստ էության, մեղքը Փաշինյանը գցում է ռուսական կողմի վրա:

Հինգերորդ- Եթե նույնիսկ ընդունենք, որ ռազմական ղեկավարությունը որոշակի պատասխանատվություն ունի վերևում նկարագրված ռազմական իրավիճակում, ապա այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չմտնող Հին Թաղերը և Խծաբերդը հայկականից անցել է ադրբեջանական վերահսկողությանը, դրա միակ մեղավորը շատ բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը դրանք հետ բերելու ոչ մի փորձ չի արել և ադրբեջանական և ռուսական կողմերի հետ բանակցություններում Արցախի այս գյուղերի հարցը օրակարգ չի մտցրել մինչ օրս:

Այնպես որ, Հայաստանի և Արցախի այսօրվա իրավիճակի և մշուշոտ ապագայի միակ մեղավորը առաջին հերթին մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը: Ռազմական այլ դրվագների համար ռազմական նախկին ղեկավարությունը, հրամանատարությունը իրենց արածին համարժեք, անշուշտ, պիտի պատասխան տան, բայց ոչ թե նաև Նիկոլ Փաշինյանի փոխարեն:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեսիջ և զգուշացում ուղարկեց ռազմական նախկին և ներկա ղեկավարությանը, գեներալիտետին, և, ըստ էության, դիտմամբ անուններ չտվեց, քանի դեռ հստակ որոշված չէ՝ հնարավոր ձերբակալությունները ումից և ինչից սկսել: Սամվել Բաբայանը և մամուլը տեղեկություններ շրջանառեցին, որ ԳՇ-ում փաստաթղթեր են փոխում, հրամաններ սարքում: Նիկոլ Փաշինյանը դեռ պիտի հասկանա զինվորականների՝ փաստաթղթային մեղքի չափը, և թե ով է այս դեպքում առավել շահեկան կամ ոչ շահեկան վիճակում: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:

Տեսանյութեր

Լրահոս